«Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել է այսօր առավոտյան հայտարարած գործադուլը և վերսկսել չվերթները: Ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի հետ այսօր ցերեկը սկսված բանակցությունները չեն ավարտվել:
«Բանակցությունները կշարունակվեն մինչև երեքշաբթի, մինչև մեզ՝ որպես ազգային ավիափոխադրողի, չտան ինչ-որ զեղչեր»,- ասաց Ն. Ավետիսովան:
Հիշեցնենք, որ «Արմավիա»-ն բողոքում է օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների դեմ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Առաջին լրատվական»-ը, 2011 թ. նոյեմբերից օդանավակայանի ծառայությունները թանկացել էին 10%-ով, իսկ 2012-ի փետրվարից յուրաքանչյուր ուղևորի համար 2 եվրո հավելավճար է սահմանվել:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հաստատեցին, որ «Արմավիա»-ն վերսկսել է չվերթների սպասարկումը:
«Մեր ընկերության ունեցած տվյալներով՝ «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության է եկել «Ռոսնավիգացիա» կազմակերպության հետ պարտքի շուրջ»,- նշեցին «Արմենիա»-ից՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ինչպես մյուս ավիաընկերությունների, այնպես էլ «Արմավիա» ավիաընկերության ուղևորները կսպասարկվեն ժամանակին, առանց խափանումների և հավուր պատշաճի:









































