Նախընտրական շոուն այն է, ինչ վիճակում այսօր հայտնվել է Հայաստանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի գնահատական տվեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Ժողովուրդն ամեն ինչից հոգնած`ընտրում է արտագաղթի ճանապարհը: Ահա սա է շոուն: Շոուի հետևանք է Հայաստանում առկա սոցիալական ու տնտեսական իրավիճակը: Բայց մեր երկրում, բարեբախտաբար, այլընտրանք կա` բոլոր բնագավառներում»,- ասաց նա:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` ինքը լինելո՞ւ է կուսակցության համամասնական ցուցակում, Մարտիրոսյանը ասաց՝ հարցը «Ժառանգության» խորհուրդը կորոշի:
Իսկ ահա ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ ինքն, այո, լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակում:
Խոսելով «Ազատ դեմոկրատներ»-ի հետ հնարավոր դաշինքի մասին` ժառանգական պատգամավորը չբացառեց, որ նախընտրական դաշինք կարող է և չլինել:
«Սակայն ամեն բան կորոշվի մարտի 18-ին` կուսակցությանն խորհրդի նիստում»:
Անդրադառնալով կին գործարար Սիլվա Համբարձումյանի այն հայտարարությանը, որ Վարդան Այվազյանն իրեն 70 հազար դոլար է պարտք, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ վերջինիս երկու բան է ուզում ասել` թող հայտարարի հանքավայրի անունը և տարեթիվը, երբ հանձնվել է հանքը:
«Նրա հետ ծանոթ եմ եղել նախարար լինելուց հետո: Այսքան ժամանակ ոչ ոքի չեմ ուզել դատի տալ: Մերս միշտ ասում էր`կանանց շառից հեռու մնա»: Վարդան Այվազյանը հերքեց նաև այն լուրերը, թե Սիլվա Համբարձումյանն իր քենին է: «Քավ լիցի», լսելով հարցն արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Թեմայից դուրս, ուզում եմ մի բան էլ ասեմ Արմեն Մարտիրոսյանին և մնացած բոլորին`ականջներիդ օղ արեք. ես Հայաստան փող բերող տղա եմ, Հայաստանից փող տանող տղա չեմ: Մանրադիտակով էլ նայեք, իմ վրա բիծ չեք գտնի»,- ասաց Վարդան Այվազյանը:
Լրագրողներից մեկի հարցին` կա՞ եվրոպական մի երկիր, որի բնապահպանության նախարարը հանքեր ունի, ինչպես նախարար եղած ժամանակ ուներ Այվազյանը, վերջինս նշեց, որ նման պրակտիկա կա եվրոպական բոլոր երկրներում:
«Բացի այդ, հարց տալուց առաջ օրենք կարդացեք: Հայաստանում ոչ մի սեփական հանք չկա: Վարդան Այվազյանն էլ բիզնես չունի»,- ասաց նա:
Հարցին` ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ի ընտրական հնարավորությունները` Այվազյանը նշեց`«Ժառանգություն»-ից շատ-շատ բարձր:
Արմեն Մարտիրոսյանը նույն հարցին պատասխանեց հետևյալ կերպ. «Հասարակությունը կգնահատի: Եթե գիշերային քողի տակ, 2007-ի նման, «Ժառանգության» ձայները չգողանան, ԱԺ-ում բավական մեծ ներկայացվածություն կունենանք»:








































