Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական հետախուզությունը հայտնաբերել և վնասազերծել է ահաբեկչական 30 խմբավորումների, որոնք մտադիր էին ապակայունացնել խորհրդարանական ընտրությունների գործընթացը:
Ձերբակալվածների թվում եղել են նաև «Քրդստանի ազատ կյանք» կուսակցության (PJAK) ներկայացուցիչներ. այն համարվում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) իրանական թևը:
Իրանական կողմը հայտնում է, որ ահաբեկիչները պլանավորել էին խափանարար գործողություններ իրականացնել նախընտրական շտաբներում և ընտրատեղամասերում: Նրանց ձերբակալության ժամանակ նրանցից առգրավվել են պայթուցիկ սարքեր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ իրանական իշխանությունները հայտարարել էին արտասահմանից ժամանած 10 դիվերսանտների ձերբակալության մասին, որոնք պետք է խաթարեին ընտրական գործընթացը:










































