Երկուշաբթի օրը Կանադան որոշում է կայացրել փակել Դամասկոսում իր դեսպանությունը և տարհանել աշխատակիցներին Սիրիայից: Այս մասին հաղորդում է հյուսիսամերիկյան այդ երկրի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքը:
Կանադայի ԱԳՆ-ն հայտարարել է Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին, որը նախատեսում է Սիրիայի կենտրոնական բանկի հետ բոլոր գործարքների դադարեցում: Հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ դեսպանությունն ու Հալեպում գտնվող հյուպատոսարանը կշարունակեն սահմանափակ ծառայություններ մատուցել քաղաքացիներին:
Սակայն ավելի ուշ ԱԳՆ ղեկավար Ջոն Բերդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է. «Սիրիայում իրավիճակի սրումը ստիպել է մեզ անմիջապես դադարեցնել դեսպանության գործունեությունը, իսկ կանադացի դիվանագետներն արդեն լքել են երկիրը»:
Հիշեցնենք, որ անցած երկու ամիսների ընթացքում Սիրիայում իրենց դեսպանատները փակել են Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Բելգիան:









































