ԱՄՆ պետքարտուղարության «Քաջության» համար մրցանակը, որը շնորհվում է աշխարհում իրենց հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող կանանց, շնորհվել է Աֆղանստանի Կանդահար նահանգի խորհրդի անդամ Մարիամ Դուրանիին և Պակիստանի իրավապաշտպան Շադ Բեգամին: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բացի իրավապաշտպան գործունեությունից, Մարիամ Դուրանին գլխավորում է կանանց մշակութային կենտրոնը և ղեկավարում տեղի ռադիոկայանը, որը լուսաբանում է կանանց խնդիրները:
Շադ Բեգամն, իր հերթին, համարվում է Կանանց բարօրության միության ղեկավարը, որը զբաղվում է կանանց համար նախատեսված քաղաքական քննարկումների կազմակերպմամբ, փոքր վարկերի տրամադրմամբ, կրթական և բժշկական ծրագրերի իրականացմամբ: Ծայրահեղականները մեկ անգամ չէ, որ սպառնացել են սպանել նրան:
Նշվում է, որ մրցանակի են արժանացել նաև Մյանմայի, Լիբիայի և Սաուդյան Արաբիայի կին ակտիվիստները:









































