Հնդկաստանը, որը բամբակի արտահանմամբ աշխարհում երկրորդ երկիրն է համարվում, արգելք է դրել բամբակի արտահանման վրա՝ տեղական արտադրողների շահերը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է AFP-ն:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, արգելքի ժամկետները հստակեցված չեն` սահմանափակումները ուժի մեջ կմնան մինչև կառավարության հատուկ կարգադրությունը:
Ինչպես հայտարարել է Cotton Textiles Export Promotion Council-ի գործադիր տնօրեն Սիդհարտա Ռաջագոպալը, բամբակի արտահանման ծավալներն անցած ֆինանսական տարվա տվյալներով (ավարտվում է 2012 թ. մարտին) գերազանցել են իշխանությունների սպասումները:
Հնդկաստանը տարեկան արտահանել է 8.5 մլն կապոց բամբակ (ամեն կապոցում` 170 կգ) այն պարագայում, երբ կառավարությունը նախատեսել էր 8.4 մլն կապոց:
Ռաջագոպալի խոսքով` հաշվի առնելով Չինաստանի կողմից բամբակի մեծ պահանջարկը, Հնդկաստանից բամբակի հումքի գնումը կարող է գերազանցել 10 մլն կապոցը:
Միևնույն ժամանակ, հունվարին պետական Cotton Advisory Board-ը նվազեցրել է 2012 թ. համար բամբակի բերքի կանխատեսումը՝ 35.6 մլն կապոցից 34.5 մլն:
Ավելի վաղ, հնդկական իշխանությունները տեղական արտադրողներին օժանդակելու համար բարձրացրել էին բամբակի գինը 300 ռուպիով` մինչև 3.3 հազար ռուպի (շուրջ 66 դոլար)` 1 կգ-ի դիմաց:











































