Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը հայտնեց, որ մասնակցելու է մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և առաջադրվելու է մեծամասնական ընտրակարգով, սակայն դեռևս չի կողմնորոշվել՝ 7-րդ, թե 8-րդ ընտրատարածքում։ «Թե որտեղ կառաջադրվեմ՝ կախված է Սմբատ Այվազյանի կողմնորոշումից, քանի որ նա ՀԱԿ-ն է ներկայացնում, իսկ ես ՀԱԿ-ի հետ մրցակցելու խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն էլ նշեց, որ չի առաջադրվելու մեծամասնական ընտրակարգով՝ հավելելով. «Ես արդեն բավականին ծեր եմ, որպեսզի դուրս գամ բակեր և ձայներ խնդրեմ մարդկանցից»։ Ինչպես նշեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ առաջադրվելիս երբևէ չի առաջնորդվել անձնական շահերով։ «Անկախ նրանից՝ կլինեմ համամասնական ցուցակում, թե ոչ, ես սատարելու եմ ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուին»,- ասաց նա:
Աղասի Արշակյանը անդրադառնալով իր՝ քաղաքականություն վերադառնալու հիմնական պատճառներին՝ նկատեց, որ նախ՝ ասելիք ունի, ապա իրեն այդ քայլին է դրդել որոշ պաշտոնյաների և նախկին գործընկերների պահվածքը։
«Երբ 4,5 տարի առաջ մասնակցեցի ընտրություններին, դրանից հետո հայտարարեցի, որ խորը հիասթափություն եմ ապրել և՛ ընտրողներից, և՛ ընտրական համակարգից, ու որոշեցի չմասնակցել: Բայց վերջերս շատ ասելիք է կուտակվել, կարծում եմ՝ ասելու բան ունեմ քաղաքական դաշտում: Որոշ չափով էլ կարելի է դիտարկել անձնական տեսանկյունից»:
Բացի այդ, նա մտահոգություն հայտնեց, որ մեր հասարակությունը տնտեսական ճգնաժամային փոսից դեռևս դուրս չեկած՝ ընկել է խորը հոգեբանական փոսի մեջ. «Որևէ դրական փոփոխություն չի կարող լինել, եթե մենք չենք փորձում դուրս գալ հոգեբանական փոսից: Իսկ այդ փոսից դուրս գալու համար պետք է վերադարձնենք մարդկանց կողոպտված հավատը, որը ամեն ընտրության հետ պակասում է»:
Աղասի Արշակյանը լրագրողներին ներկայացրեց, թե ըստ իր հաշվարկների՝ քանի մարդ կմասնակցի ընտրություններին. «Եթե մենք ունենայինք նորմալ ժողովրդագրական վիճակ, ապա այսօր մոտ 4 մլն 430 հազար բնակչություն կունենայինք, բայց փաստացի ունենք 2 մլն 540 հազար բնակչություն: Հաշվի առնելով, որ նրանցից 600 հազարը անչափահասներ են, ուստի ընտրողների թիվը 1 մլն 900 հազարից ավելի չի կարող լինել»:
Ռ. Պետրոսյանը հակադարձեց՝ ասելով, որ ընտրության մասնակիցների ճշգրիտ քանակը պարզ կլինի միայն ընտրությունների ժամանակ. «Նրանք, ովքեր գտնվում են մեր հանրապետությունից դուրս, նույնպես ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն: Մենք չենք կարող հստակ թվերի մասին խոսել, եթե չգիտենք, թե քանի հոգի կարող են արտերկրից գալ և մասնակցել ընտրություններին»:
Ռաֆիկ Պետրոսյանը անդրադարձավ նաև արտակարգ իրավիճակների ժամանակ զինված ուժերը օգտագործելու հարցին և նաև նշեց, որ ինքը այդ օրինագծին դեմ է քվեարկել. «9-րդ հոդվածի 5-րդ կետում նշված էր, որ զինված ուժերը կարող է օգտագործվել հանրահավաքները սահմանափակեու և արգելելու համար: Ես դրան դեմ եմ, քանի որ ամբողջ աշխարհում նախատեսված չէ զինված ուժերը օգտագործել քաղաքական խնդիրներ կարգավորելու համար»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ այդ ուժերը կարելի է օգտագործել աղետների հետևանքները, արտասահմանից ներթափանցումները կանխելու, կարևոր օբյեկտների հսկողությունն իրականացնելու համար, բայց ոչ՝ որևէ քաղաքական նկատառումներով:











































