Փոփ երաժշտության լեգենդ Մայքլ Ջեքսոնի ամբողջ դիսկոգրաֆիան, ներառյալ նրա չթողարկված ձայնագրությունները՝ ընդհանուր արժողությամբ 160 մլն ֆունտ (250 մլն դոլար), գողացել են Sony Music կորպորացիայից:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, չարագործներն ընկերության բազայից ներբեռնել են Ջեքսոնի ձայնագրությունների ավելի քան 50 հազար ֆայլ: Կորպորացիայի ներկայացուցիչները հաստատել են գողության փաստը:
Սա համարվում է ամենխոշոր գողությունը ընկերության ցանցահենային պատմության մեջ: Հիշեցնենք. անցյալ տարվա ապրիլին ցանցահենները գողացել էին Sony Playstation Network ընկերության 77 մլն օգտատերերի անձնական տվյալները: Այդ սկանդալը լուրջ հարված հասցրեց ընկերության հեղինակությանը:
2010 թ. մարտին Sony Music-ը և Մայքլ Ջեքսոնի ժառանգները ձայնագրությունների արդյունաբերության համար ռեկորդային պայմանագիր էին կնքել՝ 250 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, որով ընկերությունն իրավունք էր ստանում առաջիկա 7 տարիների ընթացքում թողարկել փոփ երգչի 10 նոր ալբոմ, որոնցում պետք է տեղ գտնեին մինչ այժմ չլսված ձայնագրություոններ, այդ թվում՝ Queen խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի և Black Eyed Peace-ի առաջնորդ Ուիլյամի հետ:







































