Բրիտանացի երկու լրագրողներ` Նիկոլաս Դևիսը և Գարեթ Մոնթգոմերի Ջոնսը, որոնք փետրվարին ձերբակալվել էին Լիբիայում, կասկածվում են լրտեսության մեջ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով զինված խմբավորումներից մեկի առաջնորդին` Ֆարաձ Ալ-Սուելհիին, որի ձեռքում են գտնվում լրագրողները:
Ալ-Սուելհին հայտարարել է, որ բրիտանացի լրագրողները, որոնք աշխատել են իրանական PressTV հեռուստաալիքում, չեն ունեցել մուտքի արտոնագիր: Նրանց մոտ նաև հայտնաբերվել են իսրայելական բանակի ռազմական հանդերձանք, լիբիական պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև տեսանյութեր, որոնցում նրանք հրաձգության պարապմունքներ են անցկացնում:
Սակայն չի հայտնվել, թե կոնկրետ որ երկրի օգտին է իրականացվել լրտեսությունը` Իրանի՞, թե՞ Իսրայելի: Ալ-Սուելհին հավելել է, որ լրագրողները պահվում են լավ պայմաններում: Բրիտանիայի ԱԳՆ-ն հաստատել է ձերբակալության փաստը. մեկնաբանությունից հրաժարվել է իրանական PressTV-ն:







































