Իրանի ընդդիմությունը հասկացավ, որ եթե չլինի քաղաքական կամք, իրենք ընտրություններին ձայներ չեն հավաքի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը`մեկնաբանելով երեկ Իրանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները: Նա տեղեկացրեց, որ այս անգամ խորհրդարանական ընտրությունները բոյկոտեցին ավանդաբար ընդդիմություն համարվող Բարեփոխիչները և կոչ արեցին իրենց ընտրազանգվածին չմասնակցել ընտրություններին` դրանց թափանցիկությունը կասկածի տակ առնելով:
«Բարեփոխիչներին նաև Կանաչներ են ասում, բայց խնդիրն այն է, որ Իրանի ղեկավարությունը կարողացավ ոչնչացնել ընդդիմություն համարվող Կանաչների շարժումը: Մնացել են Բարեփոխիչները, ովքեր ավանդաբար Իրանում ընդդիմություն են կազմել, միշտ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են: Այս անգամ ընտրություններին մասնակցեցին միայն Պահպանողականները, որոնք իրենց հերթին բաժանվեցին տարբեր խմբերի և պայքարեցին իրար մեջ»,- մեկնաբանեց Գ. Իսկանդարյանը:
Նա խորհրդարանական ընտրություններին ընդդիմության բոյկոտը մեկնաբանեց նրանով, որ 2008 թ. խորհրդարանական և 2009 թ. նախագահական ընտրություններից հետո Բարեփոխիչները պարզապես հասկացան, որ եթե չլինի քաղաքական կամք, երբևէ չեն կարող ձայներ հավաքել, այդ պատճառով բոյկոտելն ավելի ճիշտ համարեցին: «Եթե չլիներ ընտրազանգված, այդպիսով նրանք կարող էին ասել, որ ընտրություններին մարդիկ չեն մասնակցել և ընտրություններն անվավեր կճանաչվեին»,- մանրամասնեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացան Իրանի խորհրդարանական ընտրությունները: Իրանական ընդդիմությունը բոյկոտել էր ընտրությունները՝ թափանցիկության բացակայության պայմաններում անիմաստ համարելով դրանց մասնակցելը: Ըստ նախնական արդյունքների, ընտրություններում հաղթել են պահպանողականների ծայրահեղ թևը:









































