Ինչպես հայտնում է France Press գործակալությունը, Սիրիայում մահացած լրագրողներ՝ ֆրանսիացի Ռեմի Օշլիկի և ամերիկուհի թղթակից Մերի Քոլվինի մարմիններն ինքնաթիռով տեղափոխվել են Ֆրանսիա:
Քոլվինը և Օշլիկը մահացել էին անցյալ շաբաթ Հոմսի ռմբակոծության ժամանակ: Սիրիայի իշխանությունները հայտարարել էին, որ չգիտեին երկրի տարածքում նրանց ներկայության մասին:
Մարմիններն ավելի վաղ չէին կարողացել տեղափոխել, քանի որ Հոմսում դաժան պայքար է մղվում ընդդիմության և կառավարական զորքերի միջև:
Հինգշաբթի երեկոյան լրագրողների մարմինները հայտնաբերվել էին Հոմսի Բաբ Ամրո թաղամասում:
Սիրիայի արտգործնախարարությունն իր ցավակցությունն է հայտնել լրագրողների մահվան կապակցությամբ և կրկին դիմել է օտարերկրացիներին` հորդորելով անօրինական կերպով չմտնել այն շրջանները, որոնք, ինչպես արտահայատվել են դիվանագետները, գտնվում են «զինված ահաբեկիչների» վերահսկողության տակ: