«Մի քանի տարի առաջ, երբ գրքի շնորհանդես կամ քննարկում էր արվում, համարվում էր էքսցենտրիկ երևույթ, իսկ այսօր այն դարձել է սովորական: Առաջին հերթին երիտասարդական շարժման միջոցով հնարավոր եղավ գրականությունը բարձրացնել այնքան, որ բավականին թվով հետաքրքրված մարդիկ կան այժմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գրող Հասմիկ Հակոբյանը:
Ըստ գրողի՝ տեղաշարժը մեր երկրում սկսվեց 2003-ից հետո, երբ սկզբից՝ «Գրական թերթը», հետո՝ «Գրեթերթը» տեղ հատկացրին երիտասարդ գրողների ստեղծագործություններին: Շատ կարևոր էր նաև համացանցի առկայությունը, որը թույլ տվեց լուծել մի խնդիր՝ ավելի մատչելի ճանապարհով ընթերցել գրական ստեղծագործությունները: Հասմիկ Հակոբյանը ցավով նշեց, որ պետությունը չի աջակցում գրողներին բավականաչափ, միայն տպագրվում են գրքեր՝ պետպատվերի շրջանակներում, իսկ Գրողների միությունը՝ «Մուտք» մատենաշարով, շատերի ստեղծագործություններն է հրատարակել:
Այժմ գրողների առջև ծառացած խնդիրներից հատկապես կարևոր է լեզվի խնդիրը: Նոր սերնդի լեզուն տարբերվում է դասական գրողներից, ինչի արդյունքում անջրպետ է առաջանում հնի ու նորի միջև. «Այսօր դասական գրականությանը սովոր ընթերցողը, դպրոցի ուսուցիչը կամ մտավորականը դժվար է հասկանում նոր գրականության լեզուն: Մեր ընթերցողների 90 տոկոսը մնացել է դասական գրականության ընկալման մակարդակում, սակայն ժամանակային իմաստով մենք նոր գրականություն ենք ստեղծել»,- նշեց Հասմիկ Հակոբյանը և ավելացրեց, որ ինքը չի կարողանում ընկալել մոլի դասականությունը. «Գրականությունը նոր շունչ է՝ առաջ շարժվելու համար, եթե դու ոչինչ չես ստեղծում, ստեղծագործում ես՝ ինչպես մարդիկ դա արել են 50-60-ական թվականներին և քեզանից լավ, իմաստ չեմ տեսնում ստեղծագործելու, բայց, բարեբախտաբար, այսօր կան ինքնատիպ մտածող երիտասարդներ»:







































