Գերմանական ոչ մեծ Վաստերսֆորդ քաղաքում` Բրանդենբուրգի դաշնային տարածքում, 42-ամյա տղամարդը փորձել է հանձնել 4.5 հազար կեղծված պլաստիկե շշեր: Այս մասին հայտնում է ITAR-TASS գործակալությունը:
Հարկ է նշել, որ Գերմանիայում պլաստիկե կամ ապակյա շշով հյութ գնելիս դրա արժեքի մեջ ներառված է նաև տարայի գինը, որը հնարավոր է հանձնել հատուկ ավտոմատ սարքի միջոցով: Տարայի գինը տատանվում է՝ կախված շշի պատրաստման նյութից. ապակյա տարաներն արժեն 8-15 եվրոցենտ, իսկ հաստ պլաստիկե շշերը՝ 15 եվրոցենտ:
Որքան էլ տարօրինակ է, ամենաթանկը փափուկ պլաստիկե շշերն են, այսինքն` մեկանգամյա օգտագործման շշերը: Գումար չի վերադարձվում ոչ ստանդարտ ձևերի ու արտերկրից ներկրված շշերի համար:
Հենց այդպիսի շշերի վրա է չարագործը ամրացրել կեղծ շտրիխ կոդեր ու փորձել դրանք հանձնել, սակայն սուպերմարկետի աշխատակիցներին չի կարողացել խաբել: Վերջիններս էլ ահազանգել են ոստիկանություն: Կեղծարարի համախոհի մեքենայից հայտնաբերվել է 43 պարկ, որոնցում եղել է ավելի քան 4500 պլաստիկե կեղծ շիշ: Եթե սուպերմարկետի աշխատակիցները աչալուրջ չլինեին, նա կստանար ավելի քան 1000 եվրո:











































