Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային ներկայիս այցը.
«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կգտնեն նախորդ տարվա հունիսի 24-ին Կազանի եռակողմ հանդիպումից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք:
Համանախագահները միջնորդներ են, նրանց առջև առաջադրանք է դրված գտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները և ներկայացնել համապատասխան առաջարկներ: Ադրբեջանն ակնկալում է, որ համանախագահներն ակտիվ միջնորդական գործունեություն կծավալեն տվյալ ուղղությամբ:
Ցայժմ նրանք կիրառել են միջազգային պրակտիկայի հետևյալ մեթոդը. «Դուք համաձայնության հանգեք միմյանց հետ, իսկ մենք կաջակցենք ձեզ»: Ինչպես երևում է, այդ սկզբունքն այլևս չի արդարացնում իրեն: Դրա համար էլ ես կարծում եմ, որ նրանք հասկանում են իրենց առջև դրված առաջադրանքները և ստեղծված իրավիճակը:
Ինչ վերաբերում է այս հարցում ԵՄ-ի դերակատարությանը, ապա, բնականաբար, մենք ցանկանում ենք, որ ԵՄ-ն ակտիվորեն մասնակցի այդ գործընթացին: Ես կարծում եմ, որ տվյալ ուղղությամբ ԵՄ ջանքերը կարող են դրական արդյունքներ տալ»:









































