Իսպանիայի իշխանությունները որոշում են կայացրել Եգիպտոսի իշխանություններին հանձնել Հուսեյն Սալեմին, որը մեղադրվում է պետական միջոցների հափշտակության մեջ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Սալեմը եղել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մերձավոր կողմնակիցներից մեկը և նրա դեմ դատական գործընթացում կարող է հանդես գալ որպես առանցքային վկաներից մեկը: Բացի այդ, նա մեղադրվում է պետական միջոցների յուրացման և Իսրայելին անօրինական գազ վաճառելու ճանապարհով հարստանալու մեջ:
Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ Իսպանիան կարտահանձնի Հուսեյն Սալեմին և նրա որդուն՝ Խալեդ Սալեմին: Սալեմի դստերը՝ Մագդային, արտահանձնելու վերաբերյալ առայժմ որոշում չի կայացվել:
Իսպանիայի իշխանությունները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ այս կապակցությամբ:









































