Քիչ առաջ մեկնարկեց ԱԺ հերթական քառօրյան։ ԱԺ նոր վերանորոգված դահլիճում գրանցման համար անսովոր աժիոտաժ էր. պատգամավորներից ոմանք չէին կարողանում գրանցվել նոր համակարգով։ Իսկ գրանցման համար պարզապես պետք էր սեղմել պատգամավորների մոտ դրված անհատական համակարգիչների էկրանին համապատասխան կոճակը։ Երբ ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը, ով չէր կարողանում քվեարկել, իր կողքին նստածներին էր հարցնում քվեարկության կարգի մասին, Հովիկ Աբրահամյանը կեսկատակ «նախատեց». «Դրա համար կես ժամ շուտ պետք է գայիք, որ մարզվեիք»։ Օրակարգի հաստատման քվեարկության ժամանակ պարբերաբար ծագում էին խնդիրներ, եւ Հովիկ Աբրահամյանն ու նրա տեղակալ Սամվել Նիկոյանը անընդհատ բացատրում էին պատգամավորներին քվեարկության կարգը։
Ի դեպ, դեռեւս չեն աշխատում պատգամավորների անհատական խոսափողերը, եւ Հովիկ Աբրահամյանը նրանց տեղեկացրեց, որ առայժմ պետք է օգտագործել դահլիճի շարքերի արանքը դրված խոսափողեր։









































