Մայրաքաղաքի փակ շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքների մասին ստացված ահազանգի հետ կապված` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության և հասարակական կարգի պահպանման վարչության պետերին անձամբ այցելել նշված վայր, ծանոթանալ իրավիճակին և ձեռնարկել համապատասխան քայլեր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ տեղում պարզվել է, որ կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության առկայության նախաձեռնել է շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի առաջին մասով կազմվել է արձանագրություն` առանց թույլտվության տանիքի ծածկի քանդման աշխատանքներ իրականացնելու համար:
Փակ շուկայի աշխատանքները դադարեցված են և տարածքը վերցված է խիստ հսկողության տակ:









































