Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ իշխանությունները շարունակում են աշխատել միջազգային միջնորդ խումբ հանդիսացող «վեցյակի» մնացյալ անդամների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների նախապատրաստման շուրջ: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը.
«Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ եթե առաջ ընթանանք և առաջարկենք շարունակել բանակցությունները, ապա դրանք պետք է լինեն հետևողական, և յուրաքանչյուր ձեռք բերված առաջընթաց պետք է լինի անշրջելի: Ներկայումս դեռ անհայտ է մնում, թե երբ «վեցյակը» որոշում կընդունի Իրանի առաջարկների պատասխանելու մասին»:
Նշվում է, որ Իրանի և «վեցյակի» միջև բանակցությունների նախորդ փուլն անարդյունք ելքով ավարտվել է ավելի քան 1 տարի առաջ:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին ոչ վաղ անցյալում չէր բացառել, որ Իրանի և «վեցյակի» միջև առաջիկա բանակցությունները կարող են անցկացվել Թուրքիայում՝ Ստամբուլում:










































