Ի դեմս առաջիկա խորհրդարանական ընտրությունների` Հայաստանին հերթական փորձությունն է սպասվում, ինչ-որ իմաստով՝ փորձանքների փուլ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանը:
«Քաղաքական բոլոր ուժերը պատրաստվում են ԱԺ ընտրություններին, իշխանությունը, ի դեմս վարչապետի, սկսել է մարզից մարզ շրջել: Իսկ ահա ՀԱԿ-ը երեկվա հանրահավաքից հետո սկսելու է հրապարակային գործունեություն ծավալել, քանի որ այս ընտրություններն էականորեն տարբերվելու են բոլոր նախորդներից՝ մրցակցությունն առավելագույնն է լինելու:
Ի դեմս ՀԱԿ-ի և մնացած բոլոր ընդդիմադիր ուժերի` մրցակցությունը առաջ է բերելու լուրջ իրավիճակ: Իշխանություններն այս ընտրություններին պատրաստվում են նախագահական ընտրությունների համատեքստում: Դրա մասին է վկայում նաև այն, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորում է Սերժ Սարգսյանը:
Եթե մարդիկ այսքանից հետո գնալու են և 5000 դրամով վաճառելու են իրենց ձայնը, ապա նրանք խնդիր ունեն: 2012 թվականը հնարավորության տարի է: Մեզ այս պահին ինչ-որ բան փոխելու հնարավորություն է ընձեռված։ Իսկ իշխանությանը դա մինչ օրս չի հաջողվել: Մեզ կոնկրետ գործ է պետք, այլ ոչ` խոսքեր»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները ժողովրդի հետ պետք է առավելագույնս ազնիվ լինեն, մինչդեռ փաստ է, որ նրանք մարտի 1-ի դեպքերից քաղաքական դաս չեն քաղել:
«Միաժամանակ, խոսակցությունները, թե ՀԱԿ-ում տարաձայնություններ կան, իրականությանը չեն համապատասխանում»,- հավաստիացրեց կուսակցության ղեկավարը:
Լրագրողներից մեկի հարցին` հնարավո՞ր է, որ ԱԺ-ում մեծամասնություն չկազմելու պարագայում ՀԱԿ-ը հրաժարվի իր մանդատներից, Մակեյանը պատասխանեց՝ ՀԱԿ քաղխորհրդի նիստում որոշում է կայացվել հարցի շուրջ դատողություններ անել ու գործողությունների դիմել հետընտրական շրջանում:
Անդրադառնալով «Արտակարգ իրավիճակի» մասին օրինագծի ընդունմանը` ընդդիմադիր գործիչը նշեց, որ գործընթացն ի ցույց դրեց իշխանությունների բարոյական կերպարը:
Ամփոփելով` Մակեյանը խոսեց նաև Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժման հարցի շուրջ։ «Իշխանությունները հորթի հրճվանք էին ստանում, երբ դեռ օրինագիծն ընդունված էլ չէր: Սա իսկական խայտառակություն էր»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:








































