Ինչպես հաղորդում է Radio France International-ի ռուսական ծառայությունը, Բրյուսելում կայացել են Եվրախորհրդարանի լսումներ` նվիրված Խոդորկովսկու և Լեբեդևի գործին: Այդ լսումները տեղի են ունեցել մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովում: Լսումներին ներկա է գտնվել նաև Խոդորկովսկու փաստաբան Մարիա Լոգանը:
Փաստաբանը հայտնել է, որ մեծ դժվարություններ են եղել գործի ընթացքում քրեադատավարական փաստաթղթերին ծանոթանալու, Խոդորկովսկու և Լեբեդևի հետ հանդիպելու գործում: Փաստաբանը նաև ասել է, որ տեղյակ չէ, թե արդյոք Խոդորկովսկին դեռ գտնվո՞ւմ է Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում, թե՞ նրան արդեն տեղափոխել են:
Լսումների ժամանակ Եվրախորհրդարանի ներկայացուցիչը հրապարակել է եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը, որում ասվում է, որ իրենք խորապես հիասթափված են այս դատավճռից, և որ այն ընդհանրապես համահունչ չէ ռուսաստանյան իշխանությունների հայտարարություններին: Եվրոպացիները կարծում են, որ արդարադատության ազատությունը և յուրաքանչյուր քաղաքացու՝ արդար դատավարության իրավունքը Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունների առանցքն են կազմում: «Ակնհայտ է, որ Եվրամիությունը Ռուսաստանից սպասում է այդ ոլորտներում միջազգային պարտավորությունների կատարում: Հատկապես այն պարտավորությունների, որոնք ստանձնվել են (Ռուսաստանի կողմից.– 1-in.am) Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի անդամ դառնալիս»:











































