Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը ստեղծել է ռազմական բյուրո՝ իշխող վարչակարգի դեմ զինված դիմադրությունը համակարգելու համար: Ինչպես ասվում է ՍԱԽ պաշտոնական հաղորդագրության մեջ, նոր կառույցը կապեր կհաստատի ռազմականացված ընդդիմադիր խմբավորումների հետ՝ նրանց միավորելով ՍԱԽ կենտրոնական հրամանատարության և քաղաքական ղեկավարության ներքո:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ՍԱԽ-ի ռազմական բյուրոն պատրաստվում է համագործակցել, այսպես կոչված, Սիրիայի ազատ բանակի հետ՝ նրան պաշտպանվելու անհրաժեշտ միջոցներով ապահովելու, այդ թվում՝ իշխող վարչակարգի գործողություններից քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:
ՍԱԽ-ը նշում է, որ «սիրիական հեղափոխությունը» սկսվել է որպես ոչ բռնի շարժում, սակայն իրադրությունը փոխվել է «իշխող վարչակարգի կողմից աննախադեպ բռնության գործողությունների հետևանքով»:
ՍԱԽ ղեկավար Բուրհան Ղալիունը Փարիզում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել օգնել հեղափոխականներին զենքով: «ՍԱԽ-ը ռազմական բյուրոյի միջոցով պատրաստվում է կազմակերպել զենքի մատակարարում ապստամբներին՝ կոնկրետ պետությունների կողմից ուղղակի մատակարարումներից խուսափելու համար»,- ասել է Ղալիունը:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիան և Կատարը պատրաստակամություն էին հայտնել զենքով օգնել Սիրիայի ապստամբներին: Այսօր Կատարի խորհրդարանը հայտարարել է, որ սատարում է Սիրիայի ազատ բանակին:











































