Շվեյցարիայի կառավարությունն այսօր փակել է իր դեսպանատունը Դամասկոսում, հաղորդում է Reuters-ը:
Միաժամանակ Շվեյցարիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին հնարավորինս արագ լքել Սիրիան: Գերատեսչության գնահատականներով՝ ընդհանուր առմամաբ այնտեղ ապրում է համադաշնության 150 քաղաքացի, որոնց մեծ մասը երկակի քաղաքացիություն ունեն:
Շվեյցարիան այդպիսի քայլի է դիմել Սիրիայի Հոմս քաղաքում բռնությունների ալիքի ուժեղացման ֆոնին: Երեկ կառավարական զորքերը Հոմսում վճռական հարձակման են անցել:
Ավելի վաղ Դամասկոսում իրենց դեսպանատները փակել էին ԱՄՆ-ը և Կատարը: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Եգիպտոսը բավարարվել էին իրենց դեսպաններին հետ կանչելով:
Սիրիայում ընդդիմության և իշխանությունների միջև բախումները շարունակվում են 2011թ. մարտից: Այդ ընթացքում ՄԱԿ-ի վերջին տվյալներով՝ զոհվել է շուրջ 7500 մարդ:









































