Եթե տարբեր կուսակցություններ միավորվում են գաղափարական հենքի շուրջ, ողջունելի է, բայց եթե միավորումներն իրավիճակային բնույթ են կրում և ընտրական շահեր են հետապնդում, այնքան էլ լավ չէ: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը ևս նկատեց, որ միավորումները պետք է լինեն գաղափարական հենքի վրա: «Հայաստանի նման փոքր երկրում բազմաթիվ կուսակցություններ կան, ինչն այնքան էլ ճիշտ չէ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ցուցակներին, ապա, Մինասյանի խոսքով, ՀՀԿ համամասնական ցուցակում օլիգարխներ չեն լինի:
«Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը չի լուծում բոլոր խնդիրները: Վերցրեք ցուցակները և նայեք. համամասնական ցուցակով ընտրված բազմաթիվ պատգամավորներ կան, որոնք համարյա չեն մոտեցել պատգամավորական ամբիոնին: Այդ պատճառով անպտուղ խոսակցություններով զբաղվելու փոխարեն՝ եկեք զբաղվենք լավ ընտրություններ կազմակերպելով: Ընդ որում, այս գլխից ասել, որ ընտրությունները կեղծվելու են, ճիշտ չէ»,- ասաց խորհրդարանականը:
Արզումանյանն էլ նկատեց, որ բիզնեսը չպետք է սերտաճի քաղաքականության հետ, և յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր գործով:
«Մեծամասնական ընտրակարգը օգնում է իշխանությունների վերարտադրմանը: Այդ ընտրակարգով ընտրված պատգամավորները համարյա չեն լինում ԱԺ-ում, իսկ եթե լինում էլ են, ապա չեն կարողանում ամբիոնից հոդաբաշխ խոսք ասել»,- ասաց նա:








































