Սիրիայի իշխանությունները հրաժարվել են մուտքի այցագիր տրամադրել հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսին: Իր պաշտոնական հայտարարության մեջ Ամոսը նշել է, որ «խորապես հիասթափված է» Սիրիայի իշխանությունների որոշումից, որով մերժվել է իրեն այցագիր տրամադրել՝ «չնայած բարձր մակարդակով իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպելու բազմակի խնդրանքներին՝ երկրի հումանիտար իրավիճակը քննարկելու և կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար»,- հաղորդում է Reuters-ը:
«Հաշվի առնելով հումանիտար դրության արագ վատթարացումը և սննդամթմերքի, խմելու ջրի և բժշկական օգնության պահանջարկի աճը՝ խնդիրը շատ կարևոր է»,- նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Գործակալութան դիվանագիտական շրջանակների անանուն աղբյուրը նշել է, որ Սիրիաի իշխանությունները նման որոշում են կայացրել՝ չնայած Ռուսաստանը այնքան ջանքեր էր գործադրում, որպեսզի այդ այցը կայանա: Աղբյուրի կարծիքով՝ Սիրիայի իշխանությունները չեն ցանկանում, որպեսզի ՄԱԿ-ը տեսնի Հոմսի և մյուս քաղաքների ավերածությունների աստիճանը:
Սիրիայում 2011 թ. մարտից շարունակվում են բախումներն իշխանությունների և ընդդիմության միջև: Իրավիճակին ծանոթանալու համար դեկտեմբերին Սիրիա ուղարկվեց Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդական առաքելությունը, որի աշխատանքների արդյունքում 2012 թ. հունվարի 22-ին ԱՊԼ անդամ երկրների արտգործնախարարները մշակեցին Սիրիայում դրության կարգավորման ծրագիր: Դրանով նախատեսվում էր, որ նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է հրաժարական տա, և երկրում անցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Սակայն Դամասկոսը մերժեց այդ առաջարկները:










































