Հինգ հազար դրամանոց ընտրակաշառքներով և բռնություններով ՀՀ նախագաh հռչակված Սերժ Սարգսյանի խայտառակ պարտությունը մարտի 1-ի առավոտյան մեկ անգամ ևս ամրագրվեց:
Անշուշտ հարյուրավոր մարդկանց դաժան բռնությունների գնով: Մարտի 1-ի առավոտյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան դարպասները հսկում էին ոստիկանության աշխատակիցներ և առաջին նախագահի մամուլի ասուլիսին շտապող լրագրողներին խնդրում էին վկայականներ ու անձը հաստատող փաստաթուղթ ցույց տալ, և մեր հարցին, թե` ի՞նչ է պատահել, ի՞նչ եք անում այստեղ, կարո՞ղ է արտակարգ իրավիճակ էլ մտցնեք, ոստիկանները պատասխանեցին` «առաջին նախագահի անվտանգությունն ենք ապահովում…»: Թե ինչպես են վարվել իրավապահները մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա աջակիցների հետ Ազատության հրապարակում` մարդիկ թերևս միայն մղձավանջային երազներում են հանդիպել…
Գրիշա Սարկիսովը բռնի ուժով հեռացրել է ՀՀ առաջին նախագահին Ազատության հրապարակից
ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախ լրագրողներին պատմեց այն, ինչ անձամբ էր տեսել. առավոտյան ժամը 6.00-ին նրան արթնացրել են, հայտնել են, որ շարժ կա Փարաքարից և Դավիթաշենից, ներքին զորքերի հատուկ զորամասերից` առանց տեխնիկայի, ջրցան մեքենաներ, զրահապատ մեքենաներ են գալիս. «Հիմնականում մարդատար մեքենաներով էին, որոնց հետևից բեռնատար մեքենաներով կարմիր բերետավորներն են շարժվել: Դուրս եկա հրապարակ, մարդկանց հետ զրուցեցի, չէի կարծում, որ այսպիսի բան կարող է տեղի ունենալ, որովհետև նման ահազանգեր մենք ամեն գիշեր ստանում էինք` «շարժվեցին», «ետ գնացին», «տեղաշարժեր են տեղի ունենում», «տեխնիկա են հանում», մտածեցինք հերթական ահազագն է և հանգիստ էինք, բայց ամեն դեպքում միացրինք միկրոֆոնները, որպեսզի եթե տեսնենք լրջանում է իրավիճակը` կարողանանք ժողովրդի հետ խոսել: Ժամը 6.30-6.40-ին զորքը հայտնվեց ժողովրդի առջև, ես անմիջապես մոտեցա միկրոֆոնին, ասացի` հանգստություն, հանդարտություն, ոչ մի ընդվզում, ոչ մի կոնտակտ, շփում` ոստիկանության հետ, սպասեք, տեսնենք ոստիկանները մեզանից ինչ են ուզում: Սա եղել է իմ վերջին խոսքը և ոստիկանական շարքերը շարժվեցին առաջ և սկսեցին մահակներով ջարդել ժողովրդին: Տեսել եմ մահակներ և էլեկտրաշոկի կայծեր, անընդհատ այդ կապույտ կայծերն էին, այլ բան չի եղել` ոչ հրազեն, ոչ խլացուցիչ պարկեր, ոչ ջրցան մեքենա»:
Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտեց, որ գործողությունները սկսելուց առաջ որևէ զգուշացում չի եղել. «Գուցե ասեին գնացեք` ժողովուրդը գնար. սա ամենագլխավորն էր` ոչ մի զգուշացում չի եղել, ժամանակ չի տրվել: Իհարկե ժողովրդի կողմից եղավ դիմադրություն: Այնուհետև անմիջապես ինձ շրջապատեցին Գրիշա Սարկիսովի սպաները, իմ թիկնապահները ինձ պաշտպանում էին, բայց նրանց շատ հեշտությամբ մեկուսացրին, մի թևս մտավ Գրիշա Սարկիսովը, մյուս թևս` մեկ ուրիշը, և ինձ իջեցրին հարթակից դեպի այնտեղ, որտեղ իմ մեքենան էր: Ինձ փորձեցին դուրս հրավիրել հարթակից, իմ տղաները նորից եկան ինձ շրջապատեցին, ես ասացի` հրապարակից դուրս չեմ գա, ինձ ձերբակալեք, ես հրապարակից դուրս կգամ միայն ձեռնակապերով կամ ձեռքերս ոլորելով, եթե սա համարում եք անօրինական հավաք, ապա այն ես եմ կազմակերպել, ուրիշ պատասխանատու չկա և միայն այս պայմանով դուրս կգամ այս հրապարակից», – նշել է առաջին նախագահը: Այնուհետև սկսվել է դինամիկների ավերումը, բոլոր վրանների ոչնչացումը. «Սկսել են ինչ-որ բաներ փնտրել` ինչ-որ ձողեր, ես տեսա, որ իրենք են ձողեր բերում, և իրենց մեջ օպերատորներ կային, նկարում էին` գնդապետների, փոխգնդապետների ձեռքերին ես դրանք տեսել եմ հրապարակ մտնելիս, անգամ մի օպերատոր փորձեց ինձ նկարել, ես ողջունեցի, անմիջապես ամաչեց, շրջվեց:
Երկու ժամ ես այնտեղ էի, ինձ այլևս ոչ ոք չմոտեցավ, հետո մոտեցան «Ազատության» ռ/կ-ի երկու թղթակիցները, նրանց հասցրի ինչ-որ բան ասել: Անցավ որոշ ժամանակ, նորից Սարկիսովը մոտեցավ ինձ, ասաց` պետք է գնալ այստեղից, պատասխանեցի` նույն պայմանով: Մի քանի անգամ էլ եկավ-գնաց, գուցե խորհրդակցում էր վերևների հետ, դարձյալ եկավ, իմ թիկնապահներին հեռացրին, ես մնացի մենակ, ինձ հրավիրեց մեքենա` ուրիշ` ոստիկանական մեքենա, ես ասացի` չեմ նստի, ձեքերս ոլորի տար: Այդպես էլ արեց, նստեցրեց, շատ արագ ինձ հասցրին տուն: Հետո պարզվեց փակել են տան երկու դարպասները, իմ թիկնազորի պետին ուղարկեցի իմանալու, թե ես ինչ կարգավիճակում եմ այստեղ` արդյո՞ք սա տնային կալանք է: Ասացին` ոչ, այդպիսի սանկցիա չկա, հրաման չկա, բայց թիկնազորի պետին ասել են, որ ես իրավունք չունեմ տնից դուրս գալու, նաև ասել են, որ ոչ մեկը իրավունք չունի իմ տուն գալու: Իմ մի քանի ընկերներ փորձել էին դա անել` չեն թողել: Եթե Դավիթ Շահնազարյանն է այստեղ, նա ինձանից մի փոքր ավելի շուտ էր եկել` թոռներին տիրություն անելու»: Այսինքն` ստացվում է, Գրիշա Սարկիսովի ծառայությունը Հայաստանի Առաջին նախագահին թույլ չի տալիս դուրս գալ իր տնից և նրան այցելել: Երբ դեռ Առաջին նախագահը հրապարակում է եղել, հնարավոր է եղել կապ հաստատել թիմակիցների` Նիկոլ Փաշինյանի, Արամ Զավենի Սարգսյանի, Լևոն Զուրաբյանի հետ. «Բայց շատերին չգտանք. կամ կապ չկար կամ հեռախոսները անջատված էին», – ասաց Լ.Տեր-Պետրոսյանը: Այդ պահին հայտնի էր, որ ձերբակալված էր Հրանտ Բագրատյանը, որին հետո ազատ էին արձակել: Առաջին նախագահը հավաստիացրեց, որ կան վիրավորներ. «Մի երիտասարդի, ով փախել էր ոչ այն ուղղությամբ, որ հարկավոր էր` յոթ-ութ ոստիկան ուղղակի դաժան ծեծել էին, մահակներով կսպանեին, եթե իմ տղաները չփրկեին, իմ տղաները երկու հոգու այդպես փրկեցին, իմ աչքի առաջ, այդ երիտասարդ տղան ընկավ, կպավ ոտքերիս»:
Ընտրական պրոցեսը չի ավարտվել, քանի դեռ չկա ՍԴ-ի որոշում
Ինչպես է մեկնաբանում կատարվածը Լևոն Տեր-Պետրոսյանը. «Նստացույցի երկրորդ օրվանից նկատվեց, որ իշխանությունները անելանելի վիճակում են, մանավանդ, երբ ես հայտարարեցի, որ գիշերելու եմ հրապարակում: Ես նստել եմ հրապարակում երկու պատճառով, առաջին` ես չէի կարող լքել այդ ժողովրդին, նրանց վտանգի ենթարկել, ես նրանց հետ պետք է լինեի, երկրորդ` իմ ներկայությունը նվազեցնում էր վտանգը, որովհետև ես նախագահի թեկնածու եմ, անձեռնմխելի և ցանկացած հարձակում հրապարակի վրա կդիտվեր որպես հարձակում ինձ վրա: Սա բարդացրել էր իշխանությունների գործը, նրանք սա վաղուց կանեին, եթե ես չմնայի հրապարակում: Բայց արեցին: Ըստ երևույթին նրանք այլ ելք չունեին, թեև ամբողջ աշխարհին խաբեցին. հինգ-վեց օր անընդհատ խոսում էին, թե «բռնություն չի լինելու, ինչքան ուզում են հանրահավաք անեն, մենք հաղթել ենք, շուտով կհոգնեն-կգնան»: Սակայն հասել էինք մի այնպիսի աստիճանի, իշխանությունները հասկանում էին, որ այստեղ արդեն ամբողջ ժողովուրդն է, ժողովուրդը չի ընդունում անցկացված ընտրությունները, չի հավատում դրա արդյունքներին:
Իշխանությունների հավաստիացումները արտաքին աշխարհին, իհարկե, երկու նպատակ ունեին, մեկ` մեղմացնել այս խայտառակագույն ընտրությունների թողած տպավորությունը, խայտառակագույն ոչ այն առումով, որ կատարվել են ավանդական լցոնումներ, կրկնակի քվեարկություններ, վերահաշվարկներ, կեղծումներ, այլ` շատ ավելի կոպիտ բռնությունները, քան մինչև հիմա անցկացված բոլոր ընտրությունները: Սկսած հոկտեմբերի 23-ից մինչև այսօր ամբողջ ընտրական գործընթացը անցել է կոպտագույն ֆիզիկական բռնություններով: Պրոցեսը չի ավարտվել, փետրվարի 19-ից հետո բոլոր ձերբակալությունները մտնում են ընտրական պրոցեսի մեջ, ընտրական պրոցեսը չի ավարտվել, քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշում: Երեկ մենք արդեն պաշտոնապես դիմել ենք ՍԴ, մեր դիմումը ընդունվել է, երեկվանից ես վերականգնել եմ իմ անձեռնմխելիությունը, և եթե այսօր ես ձերբակալված չեմ, բացառապես այդ պատճառով, թեև տնային կալանքը նույնպես իմ անձեռնմխելիության ոտնահարում է: Խաբեցին ամբողջ աշխարհին, հավաստիացնում էին, որ ոչ մի բռնություն չի կիրառվի, նախագահը իր ելույթում ասել է` չի լինի ոչ մի բռնություն, եթե ինչ-որ շենքեր չգրոհեն», – հիշեցրեց Առաջին նախագահը: Առաջին նախագահը վստահ է, որ մինչև հիմա նման գործողությունները չկատարվեցին, որովհետև շատ դիտորդներ կային, արտասահմանցի լրագրողներ, իսկ այսօր արդեն` «Մեկ-երկու տասնյակ դիտորդ է մնացել, արտասահմանցի լրագրողներ համարյա չեն մնացել, սրանից էլ օգտվեցին: Հետևաբար կատարվածը մարտահրավեր էր ոչ միայն մեր ժողովրդին, մարտահրավեր էր ամբողջ քաղաքակիրթ աշխարհին` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից», – հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Այս մարդիկ այդպես հեշտ ու հանգիստ չէին կարող գնալ, ինչպես մենք»
Ինչպիսին է առաջին նախագահի քաղաքական գնահատականը մարտի 1-ի բարբարոսությանը. «Իմ համոզմամբ` այս խայտառակ ընտրություններով Սերժ Սարգսյանը, եթե անգամ ինչ-որ ձևով մնա, ամբողջ աշխարհի կողմից նա չի կարող լեգիտիմ նախագահ համարվել: Երկրորդ` ես 5 ամիս փորձում էի ապացուցել, թե իրենից ինչ է ներկայացնում այս իշխանությունը` ընդունակ են ամեն ինչի, որովհետև ունեն շատ մեծ հանցավոր բագաժ, սկսած քաղաքական սպանություններից, կոռուպցիայից, գումարած պատասխանատվությունը հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ: Այս մարդիկ այդպես հեշտ ու հանգիստ չէին կարող գնալ, ինչպես մենք գնացինք, մենք գնացինք առանց վախի: Ես չեմ պատկերացնում, թե միջազգային հանրությունը ինչպես է հանդուրժելու այս գիշեր կատարվածը: Տեղի ունեցածը կոպիտ, ցինիկ, լկտի բռնություն է ոչ միայն մեր ժողովրդի կամքի, այլև` մարմնի հանդեպ, ֆիզիկական բռնություն է: Որ ժողովուրդը չի հաշտվելու այս իրականության հետ, ես չեմ կասկածում, մենք արդեն ունենք նոր ժողովուրդ, վախը իր մեջից հանած ժողովուրդ, այս հինգ ամսվա ընթացքում մենք ստեղծեցինք նոր հասարակություն, գիտակից, քաղաքացիական հասարակություն: Նույնիսկ եթե հրաշք կատարվի` Սերժ Սարգսյանը մնա նախագահ, ես չեմ պատկերացնում, այդ նախագահը, ինչպես է իշխելու այդ ժողովրդին, բացառված է, անհնար է, այս ժողովուրդը արդեն ազատության շունչը շնչել է, նա չի ենթարկվի ուղղակի. «Կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջացած են: Իմ զգացողությամբ նրանք տասը օր չեն դիմանալու Հայաստանում:
Անգամ մինչև ՍԴ-ի վճիռը, անգամ ինձ թվում է ԿԸՀ-ն ինքը հարկադրված կլինի վերանայել իր որոշումը: Հիմա արդեն ինձ ասում են, որ մարդիկ չեն հանգստանում, հավաքվում են փողոցներում: Եթե նրանց նկատմամբ բռնություն կիրառվի, դա միանգամայն անօրինական կլինի: Ինքնաբուխ բողոքի ցույցերը, երթերը օրենքով արգելված չեն` արտակարգ դրություն հաստատված չէ, պարետային ժամ չի հայտարարվել»: Առաջին նախագահի հետագա քայլերը` տնային կալանքի պայմաններում որոնք կլինե՞ն. «Տնային կալանքը կարող են վերացնել, ձերբակալության սանկցիա տան, տանեն», – կատակեց Լ.Տեր-Պետրոսյանը: Օրենքով մեզ տրված բոլոր միջոցներից կօգտվենք` կդիմենք քաղաքապետարան, կպահաջենք հանրահավաքների, երթերի, պիկետների թույլտվություններ, կտան` կտան, չեն տա` սրանից հետո մենք իրավունք ունենք, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր` կազմակերպել մեր միջոցառումները: Կգնանք, էլի կծեծեն` թող ծեծեն, կջարդեն` թող ջարդեն, կձերբակալեն` խնդիր չկա»:
Միջազգային կառույցների հետ շփումնե՞ր եղել են, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները տեղեկացվա՞ծ են կատարվածի մասին, հայտարարություններ, գնահատականներ եղե՞լ են գիշերվա դեպքերի առնչությամբ, հետաքրքրվեցինք Առաջին նախագահից. «Ձեզանից շուտ են նրանք տեղեկացվել, անմիջապես բոլորին, հենց հրապարակից իմ բոլոր կապերը օգտագործեցի և տեղեկացվել են ԵՄ բոլոր դեսպանները, ԱՄՆ-ի դեսպանությունը, միջազգային դիտորդական կազմակերպությունները, և նրանք այնքան արագ են ստացել այդ լուրը, որ մի մասը տեսել է հետագա իրադարձությունները արդեն մեր փողոցներում»: Ո՞րն է հիմնական ուղերձը այն ժողովրդին, ով չնայած գիշերվա բռնություններին առավոտից սկսած շարժվում էր մայրաքաղաքի կենտրոն և արդեն հավաքվել, վստահաբար սպասում էր առաջին նախագահի խոսքին, հարցրինք Լ.Տեր-Պետրոսյանին. «Դա ինքնաբուխ շարժում է, եթե հնարավորություն ունենամ մասնակցել, ես կգամ, թող նորից ձերբակալեն, ես կգամ իմ ժողովրդի մոտ, եթե բլոկադայից ինձ թույլ տան դուրս գալ»:
Մարտի 1-ի դեպքերից հետո իշխանություն-ընդդիմություն երկխոսության, բանակցությունների հնարավորությունը սպառվա՞ծ է` հարցրեց լրագրողներից մեկը. «Այսօրվա հանրահավաքում ես նախապատրաստվել էի հանդես գալ հենց այդ թեմայով: Ռ.Քոչարյանի և Ս.Սարգսյանի շրջապատից արդեն մեկ շաբաթ է շշուկներ են տարածվում, իբր իրենք ինձ հետ լուրջ բանակցությունների մեջ են, նույն բանը ասել էին ԵՄ դեսպաններին, ինչը հանրահավաքում հերքեցի: Միայն այդպիսի առաջարկ ստանալուց հետո է, որ կորոշեի` ընդունու՞մ եմ այդ առաջարկը, թե՞ ոչ, կամ եթե ընդունում եմ` ինչպիսի պայմաններով եմ ես խոսում, պարզ է, որ եթե ես գնայի բանակցությունների` դա կանեի միայն այն պայմանով, որ մինչև բանակցությունները ազատ արձակվեին բոլոր քաղաքական բանտարկյալները, մնացյալը` բանակցությունների նյութ էր: Բայց նման պաշտոնական առաջարկ չի եղել», – հայտարարեց Առաջին նախագահը, նկատելով, որ ընդամենը շշուկներով փորձ է արվել համաժողովրդական ալիքը վարկաբեկել, սակայն ցավով նաև նկատեց, որ այդ շշուկները իշխանությունները նաև հասցրել են դիվանագետների. «Ավելին` երեկ չէ առաջին օրը. ՌԴ նախագահ Վ.Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, և Քոչարյանը ասել է երկու բան` բռնությունը բացառված է, Պուտինն էլ զգուշացրել է, որ բռնությունն անթույլատրելի է, և հաջորդը` Ռ.Քոչարյանը Պուտինին ասել է, որ հիմա ինքը լուրջ բանակցությունների մեջ է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Սա դարձյալ մեր, աշխարհի զգոնությունը բթացնելու համար է»:
Իշխանությունների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հորինված` «իշխանությունը յուրացնելու» քրեական գործի առիթով առաջին նախագահը նշեց, որ, այո, կա նման գործ, որը մոտավորապես կրում է հետևյալ անվանումը` «Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պետական հեղաշրջման փորձ» և այս մեկ շաբաթվա ընթացքում փորձել են նյութեր հավաքել. «Վերնագիր են դրել, հարուցել են այդպիսի գործ, դրա հիման վրա տվել խուզարկությունների, ձերբակալությունների հարյուրավոր սանկցիաներ` հղում կատարելով թղթի վրա գրված գործին»: Տարածված այն լուրերի հետ կապված, թե գիշերը մարդկանց վրա հարձակվողները և առավոտյան Մաշտոցի փողոցում հավաքվող մարդկանց ցրողները խոսելիս են եղել ղարաբաղյան բարբառով. «Ես տարբեր տեղերից նման ինֆորմացիա ստացել եմ, մասնավորապես` մենք ունենք երկու լուրջ միջադեպ, երկուսից հարցազրույց է վերցված և նրանք հաստատում են, որ, այո, Ղարաբաղի բարբառով էին խոսում և հայհոյում»:
Առաջին նախագահի պահանջը նույնն է, ինչ ձևակերպված է ՍԴ-ի դիմումի մեջ` անվավեր ճանաչել ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների արդյունքները: Իսկ եթե չճանաչվի՞, հարցրին. «Չի ճանաչվի, կգնանք առաջ: ՍԴ-ն կարող է ցանկացած որոշում ընդունել: Եթե ՍԴ-ն որոշում կայացնի, որ երկրորդ փուլ է տեղի ունենալու, այն ժամանակ մենք կորոշենք` մենք ընդունու՞մ ենք դա, թե՞ ոչ»: Ով է պատասխանատու մարտի 1-ի դեպքերի համար հարցին` Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը. «Ունենք մի գործող նախագահ, մի ընտրյալ նախագահ, երկուսն էլ հավասարապես պատասխանատու են: Եթե ես լինեի ընտրյալ նախագահ, ես ոչ մի լծակ չունեի, բայց քանի որ նա վարչապետ է` այս բոլոր ուժային կառույցները ենթարկվում են Սերժ Սարգսյանին հավասարապես»: Ի՞նչ տարբերություն 2003թ. ապրիլյան դեպքերի միջև, երբ այն ժամանակ ցրեցին ժողովրդին, բայց իշխանությունները դրանից հետո չհեռացան` հարցրեց լրագրողը. «Տարբերությունները շատ են. այսպիսի ժողովրդական մոբիլիզացիա 2003-ին չկար, այո, Ստեփան Դեմիրճյանը հաղթել էր ընտրազանգվածի շնորհիվ, ոչ թե ժողովրդական ընդվզման պայքար էր, սակայն այսպիսի տևողությամբ, այսպիսի բազմաքանակ հանրահավաքներ չկային: Հաջորդը` այս ընտրությունները տասնապատիկ ավելի խայտառակ են, քան 2003-ինը, այս ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը շատ ավելի մեծ է, քան 2003-ինը: Այն ժամանակ հիմնական բռնությունները կատարվեցին երկու փուլերի միջև»:
1.03.08թ.
«Ժամանակ Երևան»










































