Սիրիայում նոր սահմանադրության հանրաքվեն դրական տեղաշարժ էր Սիրիայի քաղաքական կյանքում: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ, Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Արաքս Փաշայանը`անդրադառնալով օրեր առաջ Սիրիայում տեղի ունեցած նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ համընդհանուր հանրաքվեին:
Ըստ արաբագետի` հանրաքվեով ամրագրվեց բազմակուսակցական համակարգը, իսկ մինչ այդ մենաշնորհը պատկանում էր իշխող «Բաաս» կուսակցությանը: Նա այս քայլը դրական տեղաշարժ համարեց Սիրիայի քաղաքական համակարգի արդիականացման ճանապարհին: Բայց թե որքանով այն բեկումնային կլինի, դժվարացավ ասել: «Կարծում եմ` Ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարող ուժերը և Արևմուտքի հովանավորությամբ գործող միջազգային շրջանակները նոր սահմանադրության ընդունմանը դրականորեն չարձագանքեցին, այլ, ընդհակառակը, համարեցին, որ այն ավելի ամրապնդեց ներկայիս նախագահի դիրքերն ու իրավունքները, քանի որ Սիրիայի նախագահը այժմ կարող է պաշտոնավարել մի ամբողջ 7 տարի և վերընտրվել նույնքան ժամանակով»,- նշեց Ա. Փաշայանը` հավելելով, որ Սահմանադրության հանրաքվեն բեկում չի մտցնի իշխանություն-ընդդիմություն` արդեն որոշակիորեն արմատականացած պայքարի մեջ` հաշվի առնելով, որ վերջիններս պահանջում են նախագահի անհապաղ հրաժարականը` այն դիտարկելով որպես Սիրիայում միանգամայն նոր քաղաքական գործընթաց սկսելու նախապայման:
Նա նշեց, որ Սիրիայում օտարերկրյա ռազմական միջամտությունը չի բացառվում, իսկ ժամկետների մասին դժվար է կարծիք հայտնել: Արաբագետ Արաքս Փաշայանի կարծիքով` ներքաղաքական ճգնաժամի և բռնությունների նոր ալիքի ավելի ծավալմանը զուգընթաց, որի հարցում, ի դեպ, մեծ է արտաքին գործոնի նշանակությունը, ըստ ամենայնի, ականատես կլինենք արտաքին ռազմական ինտերվենցիայի, սակայն որ ուժերի կողմից՝ դժվարացավ ասել: Նա նաև փաստեց, որ իշխող վարչակարգին դեռևս հաջողվում է և մոտ ապագայում, ըստ ամենայնի, կհաջողվի իրադրությունը պահել հնարավոր վերահսկողության մեջ` շարունակելով կոշտ ուժ կիրառել ապստամբների դեմ:
Արաքս Փաշայանը, խոսելով ԵՄ` Սիրիայի «Ազգային խորհրդի» լեգիտիմ իշխանություն ճանաչելու շուրջ, չբացառեց, որ Սիրիայում նույնպես կրկնվի լիբիական սցենարը կամ դրա որոշ չափով փոփոխված տարբերակը: «Արևմուտքը լեգիտիմ ճանաչեց Լիբիայի ընդդիմադիրներին, որից հետո սկսվեցին ռազմական գործողությունները Լիբիայում, և եթե չլիներ արտաքին միջամտությունը, Քադաֆիի վարչակարգին կհաջողվեր պահել իշխանությունը,- մեկնաբանեց արաբագետը`շեշտելով, որ փորձագետի համար բավական դժվար է կանխատեսել Սիրիայում առաջիկա զարգացումների ընթացքը:
Խոսելով Սիրիայի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվության հավաստիության մասին`ասաց, որ թե՛ միջազգային, թե՛ սիրիական պետական լրատվամիջոցների տրամադրած տեղեկատվությունն այնքան էլ հավաստի չէ: Նրա փոխանցմամբ` կան միջազգային բազմաթիվ լրատվամիջոցներ, ինչպես օրինակ՝ Կատարին պատկանող Ալ-Ջազիրան, որոնք խեղաթյուրում են Սիրիայում տեղի ունեցող դեպքերը, ինչը վկայում է այդ երկրի դեմ տեղեկատվական պատերազմի մասին: «Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցների կամ ռուս փորձագետների` Սիրիայի վերաբերյալ գնահատականներին, ապա դրանցում էլ շատ հաճախ ակնհայտ է Մոսկվայի սիրիամետ դիրքորոշման ազդեցությունը»,- եզրափակեց իր խոսքը արաբագետ Արաքս Փաշայանը:











































