Microsoft ընկերությունը հասարակական փորձարկման համար ներկայացրել է Windows 8 օպերացիոն համակարգի նախնական տարբերակը:
Windows-ի բաժնի ղեկավար Սթիվեն Սինոփսկին շնորհանդեսի ընթացքում ևս մեկ անգամ նշել է, որ իրենք Windows 8-ով վերանայում են այն փորձը, որը կուտակվել է ծրագրային պլատֆորմի նախորդ տարբերակների ստեղծման ընթացքում: Windows 8-ի փորձարկային տարբերակը, որը նախատեսված էր մշակողների համար, ներկայացվել էր սեպտեմբերին: Այդ պահից ի վեր պլատֆորմում մոտ 100 հազար փոփոխություններ են արվել: Windows 8-ով Microsoft-ը նախատեսում է ճնշել մրցակիցներին` արագ աճող պլանշետային համակարգիչների շուկայում և միաժամանակ բաց չթողնել ավանդական եկամտի աղբյուրը` անձնական համակարգիչների սեգմենտը:
Համակարգն ունի նոր՝ Metro կոչվող ինտերֆեյս` սենսորային կառավարման համար, որը նման է այն համակարգին, որն օգտագործվում է սմարթֆոնների վրա` Windows Phone-ի կառավարմամբ: Սակայն այն չի բացառում կառավարումը միայն մկնիկով և ստեղնաշարով: Այս մասին հաղորդում է РИА Новости–ն: