Կոմայից դուրս եկած զինծառայողի գործով նախաքննությունը ՊՆ ղեկավարության խիստ հսկողության տակ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը`անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի N զորամասում փետրվարի 20-ին 19-ամյա զինծառայող Հրաչիկ Խլղաթյանի ինքնասպանությանը:
Այն հարցին, թե ո՞րն է նախարարության դիրքորոշումն այն հարցի վերաբերյալ, որ զինծառայողի մայրը պնդում է, թե տղային դաժանաբար ծեծել և խոշտանգել են, պատասխանեց, որ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքը խիստ վերահսկողության տակ է: «Մեր նպատակը դեպքի օբյեկտիվ բացահայտումն է, որի արդյունքում կպարզվեն մանրամասները: Եթե կան մեղավորներ ողջ խստությամբ կպատժվեն»,- նշեց Դ. Կարապետյանը`հավելելով, որ այս պահին ավելին չի կարող ասել, քանի որ մանրամասները պարզ չեն:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի N զորամասերում փետրվարի 20-ին, ըստ Պաշտպանության նախարարության քննչական վարչության լրատվական բաժնի, ինքնասպանության փորձ է կատարել 19-ամյա զինծառայող Հրաչիկ Խլղաթյանը: Նա դեպքից հետո մի քանի օր շարունակ կոմայի մեջ է եղել, բարեբախտաբար արթնացել է և մի քանի լուրջ հիվանդություններ են բացահայտվել: Տղայի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, սակայն նա չի հիշում, թե ինչ է իր հետ տեղի ունեցել դեպքի օրը:
Զինվորի ինքնասպանության փորձի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու` 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ նախաքննությունը դեռ ավարտված չէ:
Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տղայի ծնողները համոզված նշել են, որ իրենց որդին իրականում չի կախվել, պարզապես զինվորական դատախազությունը, ցանկանալով գործը կոծկել, դեպքը ներկայացնում է որպես ինքնասպանության փորձ:










































