Մանչեսթերի խորտկարաններից մեկի սեփականատերը լուրջ խնդրի է բախվել: Նա ստիպված է ապամոնտաժել իր օբյեկտի օդափոխման համակարգը, քանի որ խորոված խոզի հոտն անհանգստացնում է մոտակայքում բնակվող մուսուլմաններին եւ վիրավորում նրանց կրոնական զգացմունքները:
49-ամյա բրիտանուհի Բեւերլի Աքչիչեքն արդեն երեք տարի է` աշխատեցնում է այս խորտկարանն իր ամուսնու` Սեթինի հետ, որն ազգությամբ թուրք է եւ իսլամադավան, սակայն ինքն է հենց պատրաստում խոզի մսի խորտիկները:
Աքչիչեքի դեմ իր բողոքը ներկայացրել է նրանց մոտիկ հարեւանը, որի մահմեդական ընկերները սպառնացել են այլեւս չայցելել նրան, քանի որ նրանք տանել չեն կարողանում խոզի հոտը:
Այդ բողոքի հիման վրա տեղի համայնքապետարանը արձանագրություն է ներկայացրել Աքչիչեքին` պահանջելով ապամոնտաժել օդափոխիչ համակարգը:
Համայնքապետարանում հիմա մեծամասնություն են կազմում ազատական ուժերի ներկայացուցիչները, որոնք իրենց որոշման մեջ գրել են, թե «անթույլատրելի է, որ օդափոխիչ համակարգով տարածվող այդ հոտը հասնում է հարակից շենքերի բնակիչներին»:
Աքչիքեքը սա հիմարություն է համարում եւ պատրաստվում է բողոքարկել այս որոշումը: «Իմ ամուսնու մուսուլման ընկերներն իմ մոտից առեւտուր են անում եւ օրը մի քանի անգամ հաճախում են մեր խորտկարան»,- հայտարարել է նա: