«Հայտնի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի որդին` 39-ամյա Ջեյմս Մերդոկը, հայտարարել է News International ընկերության նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին»,– գրում է korrespondent.net-ը:
Ջեյմս Մերդոկն ընկերությունում զբաղեցնում է 4 ղեկավար պաշտոն, որոնցից 3-ում կշարունակի աշխատել:
News International ընկերությունն անցած տարի հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ տարիներ շարունակ ճանաչված մարդկանց հեռախոսազրույցները գաղտնի լսելու պատճառով: Սկանդալի արդյունքում փակվեց Մերդոկների մեդիակայսրության ամենամեծ տպաքանակն ունեցող News of the World կիրակնօրյա թաբլոիդը:
News International-ի գործունեության հանդեպ հետաքննություն է իրականացվում երկու ուղղությամբ՝ անօրինական հեռախոսազրույցներ լսելու փաստով և տեղեկություն ստանալու համար ոստիկանության աշխատակիցներին կաշառք տալու կասկածով:
Հետքաննության շրջանակներում երկու տասնյակ ձերբակալություններ են տեղի ունեցել:
Հայր և որդի Մերդոկները 2011 թվականին երկու անգամ վկայություն են տվել Մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի հարցերով բրիտանական խորհրդարանական հանձնաժողովում:
Սկանդալը տեղի էր ունեցել, երբ պարզ էր դարձել, որ հրատարակչության աշխատակիցները հատուկ վարձած մասնավոր խուզարկուների օգնությամբ լսում էին հայտնի մարդկանց և ահաբեկչությունների զոհերի հարազատների հեռախոսազրույցները: