Լեհաստանի Պոսադա Ռիբոտիցկա գյուղի ուղղափառ եկեղեցում հայտնաբերված որմնանկարները գիտնականները թվագրում են XV դարով: Ինչպես հայտնում է Associated Press՝ այս հայտարարությունն արվել է երեքշաբթի՝ փետրվար 28-ին, բացահայտմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ:
Արվեստի պատմաբան Յարոսլավ Գեմզան ասել է. «Միայն վերջերս կատարված հետազոտությունները թույլ տվեցին որմնանկարները վերագրել ուշ միջնադարին: Որոշ որմնանկարներ, որոնք ներկված են սպիտակ, գիտնականների կողմից հայտնաբերվել են դեռևս 1960 – ականներին»:
Գեմզայի խոսքերով՝ իրենք այժմ փորձում են միջոցներ գտնել՝ վատ վիճակում գտնվող որմնանկարները վերականգնելու համար:
Հնագույն պատկերներն արժեքավոր են հատկապես այն պատճառով, որ որմնանկարները եկեղեցու պատերին պատկերված աստվածաշնչյան կերպարների միակ ամբողջական հավաքածուն է: Ըստ Գեմզայի՝ սա նաև մեծ նորություն է համարվում Կենտրոնական Եվրոպայի երկրների համար:








































