TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Չանքայա նախագահական նստավայրում ընդունել է պաշտոնական այցով այսօր Թուրքիա ժամանած Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Վերջինիս թուրքական այցը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Հանդիպման ժամանակ Գյուլը Բերդիմուհամեդովին է հանձնել թուրքական պետական շքանշան: Վերջինս շնորհակալություն է հայտնել Գյուլին՝ ընդգծելով, որ դա կնպաստի երկու երկրների փոխհարաբերությունների ամրագրմանը:
Ապա Բերդիմուհամեդովին ընդունել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Հանդիպմանը մասնակցել են նաև արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը և այլ նախարարներ:
Նշվել է, որ 2011 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 4 միլիարդ դոլարի, ինչը 25 տոկոսով ավելի է՝ համեմատած 2010 թվականի հետ: Ակնկալվում է, որ Բերդիմուհամեդովի թուրքական այցի ժամանակ կողմերը ստորագրելու են երկկողմանի փաստաթղթերի փաթեթ:










































