Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ ամենամյա փառատոնի շրջանակում Երևան ժամանած լիտվական պատվիրակության անդամներին:
ՀՀ կառավարության մամլո ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ պատվիրակության կազմում են Լիտվայի մշակույթի փոխնախարար Դեվիդաս Ստանպոնկուսին, մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Նոմեդա Զենկենեին, հանրահայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Գեդրիուս Ապուոկասը:
Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը նշել է. «Ռեգիմանտաս Ադոմայտիսը լեգենդար մարդ է Հայաստանում: Նրան բոլորը շատ լավ են ճանաչում և հիշում: Առանձնահատուկ կապ կա Ձեր և Հայաստանի միջև, և առավել ևս եթե դա վերաբերում է մշակույթին, կինոարվեստին և թատրոնին, մեր ժողովրդի կողմից ենթագիտակցորեն առավել զգացմունքային է ընկալվում: Դուք գիտեք, որ շատ մշակութային նորմեր փոխանցվում են հենց կինոյի միջոցով, և այդ տեսանկյունից Դուք արվեստի այն դեմքերից եք, ում մեր ժողովուրդը իրենն է համարում: Շատ հաճելի է ընդունել Ձեզ Հայաստանում»:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Տ. Սարգսյանը կարևորել է «Հայաստանի կառավարության և Լիտվայի կառավարության միջև մշակույթի ոլորտում համաձայնագրի» ստորագրումը, ինչը նոր լիցք կհաղորդի հայ-լիտվական մշակութային կապերի սերտացմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրներում ժողովրդավարական արժեքների հաստատման և քաղաքացիական հասարակության ձևավորման հարցերի շուրջ:
Ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ և համաշխարհային ու լիտվական կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի, անզուգական վարպետության համար Տ. Սարգսյանը Ռեգիմանտաս Ադոմայտիսին պարգևատրել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով:
Փետրվարի 29-ից մարտի 5-ը Երևանում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» միջազգային թատերական 10-րդ ամենամյա փառատոնը, որի հիմքում «լիտվական» ծրագիրն է` նվիրված Հայաստանի ևԼիտվայի միջև դիվանագիտական և մշակութային կապերի հաստատման 20-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնի բացմանը ներկա է գտնվելու լիտվական պատվիրակությունը:
Փառատոնի շրջանակում փետրվարի 29-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա հանրահայտ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռեգիմանտաս Ադոմայտիսի ստեղծագործական երեկոն:











































