Ամերիկացի դատախազները գաղտնի մեղադրանք են պատրաստել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ: Այս մասին ասվում է ամերիկյան Stratfor հետախուզական ընկերության վերլուծաբաններին ուղարկված գաղտնի էլեկտրոնային նամակում:
Ինչպես գրում է The Sydney Morning Herald թերթը, անցյալ տարվա հունվարի 26-ով թվագրվող նամակում ասվում է, որ Stratfor-ի հետախուզության հարցերով փոխնախագահ Ֆրեդ Բերտոնը WikiLeaks-ի նկատմամբ ամերիկյան հետաքննության վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրություններին պատասխանել է. «Մենք Ասանժի դեմ ունենք գաղտնի մեղադրական գործ»:
Նա նշել է, որ այդ տեղեկությունը գաղտնի է (դա, ամենայն հավանականությամբ, ստացվել է ԱՄՆ կառավարական աղբյուրից)՝ խնդրելով զգույշ լինել, և որ դա հրապարակման ենթակա չէ:
Ասանժն այժմ Մեծ Բրիտանիայում է և սպասում է տեղի Գերագույն դատարանի որոշմանը՝ կապված իրեն Շվերդիային արտահանձնելու հետ:
Երկուշաբթի WikiLeaks-ը սկսեց հրապարակել Stratfor-ի ավելի քան 5 մլն էլեկտրոնային նամակ: The Sydney Morning Herald-ն այդ տվյալները ստացել է WikiLeaks-ի հետ համագործակցության շնորհիվ:
Stratfor-ը զբաղվում է աշխարհում կատարվող իրադարձությունների մասին նյութերի հավաքագրմամբ և վերլուծությամբ: Նրանք տեղեկատվություն են ստանում ինչպես ԶԼՄ-ներից և այլ բաց աղբյուրներից, այնպես էլ սեփական փակ աղբյուրներից: Նրա վերլուծությունների մի մասը հրապարակվում է, սակայն դրանց զգալի մասը պահվում է գաղտնի:










































