Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվել է աշխարհում ամենաբարձր հեռուստաաշտարակի` «երկնային ծառի» կառուցումը:
Հեռուստաաշտարակի բարձրությունը ալեհավաքի հետ կազմում է 634 մետր: Դա բարձր է Չինաստանում Գուանչժոու հեռուստաաշտարակից, որի բարձրությունը գերազանցում է 600 մետրը:
Աշտարակի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է մայիսի 22-ին։ Ապրիլից արդեն FM հաճախականության վրա կհեռարձակվի ռադիո, իսկ հաջորդ տարի՝ ճապոնական հեռուստաալիքները:
2008 թ. հուլիսից սկսած` աշտարակի կառուցմանը մասնակցել է 580 հազար մարդ: Դրա կառուցման համար ծախսվել է 65 մլրդ իեն (812 մլն դոլար):
Չնայած աշտարակի պաշտոնական բացմանը դեռ երկու ամիս կա, սակայն խանութներն արդեն սկսել են հեռուստաաշտարակի պատկերով հուշանվերների վաճառքը: Հանգստյան օրերին հեռուստաաշտարակի շրջակայքը լի է զբոսաշրջիկներով:
Իսկ աշխարհում ամենաբարձր կառույցը համարվում է Դուբայում կառուցված 828 մետրանոց երկրնաքերը` «Բուրջ Խալիֆը»:










































