Կահիրեի դատարանը հրաժարվել է քննել Եգիպտոսի ամենահարուստ մարդկանցից մեկի դեմ ուղղված դատական հայցը:
2011 թ. Նագիբ Սավիրիսը Twitter սոցիալական կայքի իր միկրոբլոգում տեղադրել էր Միկի Մաուսի նկարը, որում նա պատկերված էր մորուքով և նրա ընկերուհու` Մինի Մաուսի նկարը` չադրայով: Ծաղրանկարը մատնանշում էր Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո Եգիպտոսում իսլամիստների դերի մեծացումը:
Միլիարդատեր Նագիբ Սավիրիիսը, ով ղպտի քրիստոնյա է, ներողություն էր խնդրել նկարի համար` նշելով, որ ինքը մտադիր չի եղել վիրավորել որևէ մեկի կրոնական զգացումները: Սալաֆիի հետևորդները կոչեր են անում բոյկոտել Սավիրիսին պատկանող Mobinil կապի ընկերությունը: Արդյունքում 2011 թ ամռանն ընկերության բաժնետոմսերի գները եգիպտական բորսայում ընկել են:
Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, «Ան-Նուռ» կուսակցության իրավաբանը դատական գործ էր հարուցել միլիարդատեր եգիպտացու դեմ` կրոնը վիրավորելու մեղադրանքով:
Հայտնի չէ, թե ինչու է դատարանը մերժել գործի քննումը։










































