Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հանդես գալով խորհրդարանում, առաջարկել է միակողմանի կարգով վերացնել Ռուսաստանի հետ մուտքի անցագրի ռեժիմը:
«Ես հանդես եմ գալիս նոր նախաձեռնությամբ,որպեսզի միակողմանի կարգով վերացվի Ռուսաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը»,- Սաակաշվիլիի խոսքերը մեջբերում է Новости-Грузия-ն:
«Թող Ռուսաստանի քաղաքացիները և գործարարները իմանան, որ իրենք կարող են Վրաստանում ազատորեն տեղաշարժվել և գումարներ ներդնել»,- ասել նախագահը:
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Մենք ամուր հարաբերություններ ենք ստեղծում Արևմուտքի հետ, բայց դրա հետ մեկտեղ հետաքրքրված ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու հեռանկարով: Մենք գիտենք, որ դա հեշտ չի լինի, բայց Ռուսաստանը եղել է և շարունակում է մնալ Վրաստանի հարևանը»,- հավելել է նա:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմը չի փոխվի, սակայն Ռուսաստանը կպահպանի քաղաքակիրթ հարաբերություններ Թիֆլիսի հետ՝ քաղաքացիների մուտքի և ելքի կարգի հարցում:








































