«ՀԱՊԿ կառավարման մարմինների և Հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կազմավորման օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2012թ. ծրագրի» համաձայն` 2012թ. սեպտեմբերին ՀՀ-ում կանցկացվեն ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ զորավարժությունների մտահաղացման հիմքերի, մասնակիցների կազմի, զորավարժություններում ներգրավվող զորախմբերի, ղեկավարման կազմակերպման և զորավարժությունների ծրագրի լրամշակման նպատակով 2012թ. փետրվարի 28-ին Երևանում մեկնարկել են զորավարժությունների առաջին շտաբային բանակցությունները, որոնց մասնակցում են ՀԱՊԿ անդամ-պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Հայաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչները:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը պատվիրակությունների անդամներին է ներկայացրել քննարկվելիք հարցերի շրջանակը:
Շտաբային բանակցությունների մասնակիցներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Իր ելույթում Դ. Տոնոյանն ընդգծել է, որ երկօրյա աշխատանքների ընթացքում կհամաձայնեցվեն զորավարժությունների մտահղացման (ծրագրի) հիմունքները, որոնք մշակվել են միջազգային չափանիշների համաձայն և ենթադրում են բացառապես պայմանական ռազմաքաղաքական իրավիճակ, աշխարհագրական պայմանական տեղանուններ և ռազմաքաղաքական կազմակերպությունների ու պետությունների անվանումներ:
Դ. Տոնոյանը տեղեկացրել է նաև, որ տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպես նաև ՀԱՊԿ միջազգային վարկանիշի բարձրացման նպատակով որոշվել է զորավարժությունների գործնական փուլում ընդգրկել տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների դիտորդների:
Զորավարժությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների պահպանումն ապահովելու նպատակով շտաբային բանակցություններին և պլանավորվող զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը:
ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Անատոլի Նոգովիցինն իր հերթին վստահություն է հայտնել, որ շտաբային բանակցությունների այս փուլում կհամաձայնեցվեն հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերն ու կձևավորվեն միասնական տեսակետներ:









































