TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կուսակցության ժողովում այսօր հայտարարել է, որ Թուրքիան չի մոռանա և թույլ չի տա մոռացության մատնել Խոջալուի (Իվանյան) իրադարձությունները.
«Թուրքիայում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ՝ կապված Խոջալուի իրադարձությունների հետ: Թուրքիան տվյալ հարցում մշտապես կաջակցի Ադրբեջանին: Ադրբեջանական ժողովուրդը պետք է գիտենա, որ եղբայրական թուրք ժողովուրդը մշտապես վառ է պահելու Խոջալուի իրադարձությունների հիշատակը: Դրանց նվիրված միտինգում ցուցադրված պաստառները, որոնք իբրև թե վկայում են ազգայնամոլական տրամադրությունների մասին, չեն կարող ստվերել Խոջալուի զոհերի հետ կապված մեր ցավը»:
Հիշեցնենք, որ այն տարածքը, որտեղ 1992 թվականին զոհվեցին Խոջալուի բնակիչները, գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո, ինչը նշանակում է, որ ադրբեջանցիները զոհվածներին և տեղանքը անսահմանափակ ու անարգել նկարահանելու հնարավորություն ունեին:
1992 թվականին Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նշել էր, որ հայերի կողմից միջանցք էր բացվել, որպեսզի Խոջալուից խաղաղ բնակչությունը հեռանար: Սակայն Աղդամի մատույցներում խաղաղ բնակչության շարասյունը ենթարկվեց գնդակոծման Ադրբեջանի Ազգային ճակատի (ԱԱՃ) խմբավորումների կողմից:
Հետագայում Այազ Մութալիբովն այդ հանցավոր գործողությունը կապեց ընդդիմության՝ իրեն իշխանությունից հեռացնելու և տեղի ունեցածի ողջ մեղքը իր վրա բարդելու փորձերի հետ: 2001 թվականին ռուսական «Նովոյե վրեմյա»-ին տված հարացազրույցում Մութալիբովը հայտարարել է, որ Խոջալուի բնակչության սպանդը ակնհայտորեն կազմակերպված է եղել ոմն մեկի կողմից Ադրբեջանում իշխանության հասնելու համար:
Ադրբեջանցի լրագրող Մ. Սաֆարլին նշել է. «Խոջալուն կարևոր և ստրատեգիական դիրք էր զբաղեցնում: Խոջալուի կորուստը Մութալիբովի համար նշանակում էր քաղաքական ձախողում»:









































