Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հանրային խորհրդի ներկայացուցիչները ներկայացրին 2011 թվականին կատարված աշխատանքի արդյունքները: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանում կան մի շարք խնդիրներ, որոնցից է կախված երկրի հետագա զարգացումը, հատկապես շատ են բացթողումները դատական համակարգում:
«Ազատ չէ իրավիճակը դատական ոլորտում, հատկապես վճռաբեկ դատարանի գործունեությունն է մտահոգիչ, դատարաններում կան բազմաթիվ հայցեր՝ կապված սեփականության իրավունքի և հողի հետ»:
Ըստ Վազգեն Մանուկյանի՝ մեր երկրում հողը կենտրոնացված է մի քանի հոգու ձեռքում, որի արդյունքում գյուղացին մնում է անգործ: Նա առաջարկեց օրենք մշակել, ըստ որի՝ եթե հողի սեփականատերը ունի 30 հեկտարից ավելի տարածք և չի մշակում այն, այդ հողերը վերցնել սեփականատիրոջ ձեռքից և տալ աշխատավոր գյուղացուն:
Քննարկման ընթացքում խորհրդի անդամները անդրադարձան նաև կրթական համակարգի խնդիրներին։ Ըստ նրանց՝ պետք է փոխվեն դպրոցական դասագրքերը: Վազգեն Մանուկյանն առաջարկեց փոխել հատկապես Հայոց պատմության դասագիրքը, իսկ մյուս գրքերի համար ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով:
Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն անդրադարձավ բնապահպանական խնդիրներին: Նրա խոսքով՝ որոշվել է քաղաքապետարանում ստեղծել էկոլոգիական հանձնաժողով, որը կզբաղվի բնապահպանական խնդիրներով:
Խոսելով ԱԺ առաջիկա ընտրությունների մասին՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ Հանրային խորհուրդը դրանց հետ կապ չունի. ընտրություններին դիտորդական առաքելություն կատարելու համար խորհրդի կողմից հանձնաժողով չի ներկայացվի։







































