Չինացի ճարտարապետ Վան Շուն դարձել է Պրիտցերյան մրցանակի դափնեկիր: Մրցանակակրի անունը հանձնաժողովը հայտարարել է փետրվարի 28-ին: Չինաստանի ներկայացուցիչը նման պատվավոր մրցանակ առաջին անգամ է ստանում:
Պրիտցերյան մրցանակն ամենահայտնին է ճարտարապետության ոլորտում: Hyatt հյուրանոցային ցանցի հիմնադրի անունը կրող այս մրցանակը հաճախ անվանում են ճարտարապետության ոլորտում Նոբելյան մրցանակ:
Մրցանակի ժյուրին հայտարարել է, որ Վան Շուի աշխատանքները «յուրահատուկ հնարավորություն են ստեղծում հիշեցնելու անցյալի մասին` միաժամանակ ուղիղ հղում չանելով պատմությանը»:
Վան Շուն ծնվել է 1963թ.-ին` Չինաստանի արևմտյան Ուորումչի քաղաքում: 2000թ.-ից նա գլխավորում է Չինաստանի արվեստների ակադեմիայի ճարտարապետության ֆակուլտետը: Նրա ամենահայտնի աշխատանքներից են Արվեստների ինստիտուտի ուսանողական ավանը`Խանչժոում, Սինչժոուի գրադարանի շենքը, ինչպես նաև Նինբոյի Պատմության թանգարանի շենքը: Վան Շուն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է:









































