Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանի այն հայտարարությունը, որ ՀԱԿ-ը մարտի 1-ից քաղաքական նոր գործընթաց է սկսելու, նշանակում է, որ քաղաքական այդ ուժը փորձելու է նախընտրական շրջանում բարձրացնել սեփական վարկանիշը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով՝ ինչպես քաղաքական բոլոր ուժերը, ՀԱԿ-ը ևս ցանկանում է նախընտրական շրջանում ավելացնել սեփական ներկայությունը և այդ շրջանակներում իրականացնել գործողություններ, որոնք թույլ կտան առավել մեծ թվով քվեներ հավաքագրել: «Ճիշտ է, խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավը պաշտոնապես պետք է սկսվի ապրիլի 8-ին, սակայն ոչ պաշտոնական գործողությունները կարելի է իրականացնել ավելի շուտ: Համաձայն սոցհարցումների արդյունքների՝ ՀԱԿ-ի պոտենցիալ ընտրազանգվածը 8 տոկոս է, և բնական է, որ առաջիկա ԱԺ ընտրություններից քաղաքական այդ ուժն ավելի մեծ ակնկալիքներ ունի: Միաժամանակ, գաղտնիք չէ, որ վերջին մի քանի տարում ՀԱԿ-ի ընտրազանգվածը էականորեն նվազել է, և նա ցանկություն ունի ինչ-որ կերպ բարձրացնել իր վարկանիշը, աշխատել ընտրազանգվածի հետ»,- ասաց քաղաքագետը:
Հարցին՝ Մուսինյանի հայտարարությունն արդյոք ավելին նշանակել չի՞ կարող, Մարկարովը կեսկատակ-կեսլուրջ նշեց, որ ՀԱԿ-ը գուցե ինչ-որ գաղտնիքներ ունի, որոնք պարզ կդարձնի միայն մարտի 1-ի հանրահավաքին: «Մի փոքր բարդ է մտածել, որ ՀԱԿ-ն այս շրջանում կարող է հանդես գալ այլ նախաձեռնություններով, քան վերոնշյալն է՝ սեփական հեղինակության բարձրացումը: ՀԱԿ-ը՝ որպես քաղաքական ուժ, համաձայնել է այն մտքին, որը տանում է դեպի հերթական ԱԺ ընտրություններ: Համապատասխանաբար, խոսքը գնում է այն գործողությունների ծրագրի մասին, որը ՀԱԿ-ին տանելու է ավելի բարձր պոտենցիալի ցուցաբերման: Այլ գործողություններ, որոնցով կարող է հանդես գալ այդ քաղաքական ուժը, տեսականորեն կարող են լինել քաղաքական ակցիաները: Առայժմ, իմ կարծիքով, ՀԱԿ-ը սահմանափակվելու է տարբեր տեսակի կարգախոսներով, ավելի ակտիվ քարոզչական գործողություններով և մասսաների ակտիվ ներգրավմամբ»,- նկատեց քաղաքագետը:








































