Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում ծրագրի շրջանակներում People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն ամեն տարի ուսումնասիրություններ է անցկացնում հայրենադարձների շրջանում: Ըստ դրանց վերջին արդյունքների`վերջին 1 տարվա ընթացքում Հայաստան վերադարձած մեր հայրենակիցների շուրջ կեսի համար Հայաստանում ամենամեծ խնդիրն աշխատանքի բացակայությունն է: Սրան զուգահեռ, ծառացած խնդիրների շարքում են բնակարանի բացակայությունը, փաստաթղթերի ձեռքբերման դժվարությունները, ժամկետային զինվորական ծառայության խնդիրները, մեր երկրում նոր բիզնես սկսելու դժվարությունները, մայրենիի չիմացությունը շուրջ 10 տոկոսի դեպքում, ինչպես նաև կրթություն ստանալու խոչընդոտները: Կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Սուսաննա Հայրապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հենց նմանատիպ բազմաթիվ խնդիրների պատճառով էլ հայրենադարձների 50 տոկոսը, եթե ոչ ավելին, նորից լքում է երկիրը: Նշենք, որ People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տվյալների համաձայն` վերադարձածների 67 տոկոսը Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնությունից, 22 տոկոսը` Եվրոպայից, մոտ 6 տոկոսը` հետխորհրդային տարբեր պետություններից, մնացյալ 5 տոկոսը` ԱՄՆ-ից, Կանադայից և Արգենտինայից:











































