Որքան էլ հայ-իսրայելական հարաբերությունները վերջին շրջանում դրական զարգացում են ապրում, Ադրբեջանին անօդաչու ինքնաթիռներ վաճառելու Իսրայելի որոշման մեջ արտառոց ոչինչ չկա. այդ երկու պետությունները միմյանց հետ շատ վաղուց դրական հարաբերություններ ունեն, այդ թվում՝ նաև ռազմական արդյունաբերության բնագավառում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց փորձագետ Սարո Սարոյանը:
«Իսրայելի և Ադրբեջանի միջև տարիների փորձ կա, վերոնշյալ բնագավառի համար բավական մեծ գումարներ են ներդրված: Ավելի քան 1 միլիարդի գործարքը եղած զարգացումների հերթական օղակն է: Այնպես որ, այստեղ որևէ նորություն կամ խանգարող հանգամանք չեմ տեսնում: Թուրքիայի նման գործընկերոջ կորստից հետո Ադրբեջանը մահմեդական աշխարհում Իսրայելի շահերը ներկայացնող կարևոր երկիր է դարձել, և Իսրայելը Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները երբեք չի զոհի Ադրբեջանի հետ իր գործընկերությանը»,- ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ ադրբեջանա-իսրայելական գործակցության մեջ կարևոր դեր ունի նաև Իրանի գործոնը: «Իսրայելն Ադրբեջանին դիտարկում է որպես կարևոր երկրներից մեկը, որը խնդիրներ ունի Իրանի հետ և այդ ֆոնին էլ կարող է շատ լավ առաջ մղել իր շահերը: Մյուս կողմից՝ Իսրայելը շատ կասկածամտորեն է վերաբերվում երբևէ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման խնդրին, քանի որ Հայաստանն Իրանի հետ լավ հարաբերություններ ունի, ինչն էլ կարող է ազդել հայ-իսրայելական հարաբերությունների վրա: Ի դեմս Ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Քնեսեթի կրթության հանձնաժողով ուղարկելու՝ Իսրայելն անցած տարի փորձեց Հայաստանի հետ լավ հարաբերություններ ձևավորել, ինչը, սակայն, էական արդյունք չտվեց և ռազմավարական տեսանկյունից երբեք էլ չի տալու»,- նշեց Սարո Սարոյանը:
Նշենք, որ Aerospace Industries իսրայելական պետական ընկերությունը անօդաչու ինքնաթիռներ է վաճառելու Ադրբեջանին։ Այդ սարքերը` կիրառվում են և հետախուզական տեսագրություններ կատարելու, և զուտ մարտական գրոհներ իրականացնելու նպատակով։
Բացի այդ, Իսրայելն Ադրբեջանին վաճառելու է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Իսրայելա-ադրբեջանական այս գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլար։











































