Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային ճգնաժամային խումբը պատրաստել է «Ներքին տեղահանվածների դեմ պայքար – Ադրբեջանի բեռ» խորագրով զեկույցը, որում Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն որակել է որպես անընդունելի և ոչ անվտանգ.
«Ցայժմ հաստատված չէ Լեռնային Ղարաբաղից վտարվածների վերադառնալու իրավունքը: Պայմանավորվածություն չկա նրանց փոխհատուցում վճարելու մասին: Դա ավելացնում է Ադրբեջանի ղեկավարության վրա ճնշումները: Վերջինս թեև արդյունավետ քաղաքականություն է վարում փախստականների հետ, այնուամենայնիվ դեռ շատ անելիքներ կան:
Ադրբեջանի կառավարությունը զգալի առաջընթաց է գրանցել 600,000 (մինչդեռ ադրբեջանական կողմն ամենուրեք թմբկահարում է 1 միլիոն փախստականների առկայության մասին.- 1in.am) ներքին տեղահանվածների խնդրի լուծման հարցում, որոնք 20 տարի առաջ վտարվել են Լեռնային Ղարաբաղից ու հարակից շրջաններից: Դա կազմում է Ադրբեջանի բնակչության 7 տոկոսը, որոնց բարեկեցության վրա մեծ գումարներ են ծախսվում:
Ադրբեջանի իշխանությունները պետք է պայմանավորվեն Հայաստանի կառավարության ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ՝ ԵԱՀԿ-ի դիտարկման դերն առավել ընդլայնելու համար, ինչը միտված է շփման գծից դիպուկահարների դուրսբերմանը և գրանցված միջադեպերի հետաքննման մեխանիզմի մշակմանը, ինչպես նաև շփման գծի մոտ զորավարժությունների անցկացման անհապաղ դադարեցմանը»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տարբեր զեկույցներում Ադրբեջանում փախստականների թիվը նշված է 571.272-575.609 մարդ:
«Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակի» վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում նշված է Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից մոտ 570.000 տեղահանվածների մասին:
Մինչդեռ չպետք է մոռանալ նաև հայ փախստականների և տեղահանվածների մասին։ 2004 թվականի փետրվարի 6-ին Ժնևում ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի խոսնակ Ռոն Ռեդմոնդը տեղեկատվություն ներկայացրեց 1988-1993 թվականներին Ադրբեջանից Հայաստան ներգաղթած ավելի քան 360.000 փախստականների վերաբերյալ:
ԵԽԽՎ-ի` 1997 թվականի հունիսի 3-ի «Փախստականներն ու տեղահանվածներն Անդրկովկասում» և 2002 թվականի հունիսի 4-ի «Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակ» զեկույցներում նշված է 300.000-350.000 հայ փախստականների մասին:
Այս ամենին պետք է հավելել հակամարտության հետևանքով Հայաստանի սահմանամերձ շրջաններից ներքին տեղահանվածներին, որոնց թիվը տարբեր միջազգային փաստաթղթերում տատանվում է 60.000-ից 72.000-ի միջև:








































