Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն այս տարի ԵԱՀԿ-ում նախագահող Իռլանդիային կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան:
Վերջինիս խոսքերով՝ փետրվարի 23-24-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ժամանակ Իռլանդիայի պատվիրակության հետ իրենց հանդիպման հիմնական քննարկման առարկան եղել է Ղարաբաղյան հակամարտությունը.
«Հանդիպման ժամանակ ես ընդգծեցի, որ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Իռլանդիայի գործունությունը չպետք է սահմանափակվի միայն պատվիրակությունների ներկայացուցիչների միջև հանդիպումների կազմակերպմամբ: Իռլանդիան պետք է գործուն մոտեցում ցուցաբերի այն միջոցներին, որոնք կարող են նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտգործնախարար Իմոն Գիլմորն ապրիլի սկզբին այցելելու է Հարավային Կովկաս: Ավելի վաղ Գիլմորը հայտարարել էր, թե հյուսիսիռլանդական մոդելը կարող է գործածվել նաև Լեռնային Ղարաբաղում:







































