Եմենում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են վտարել երկրից ԱՄՆ դեսպան Ջերալդ Ֆիշերին,- հաղորդում է Press TV-ն: Ակցիաները տեղի են ունեցել հանրապետության մի քանի քաղաքներում:
Ցուցարարները նաև պահանջել են կանխել ամերիկյան միջամտությունը երկրի ներքին գործերին: Բողոքի ակցիաները տեղի են ունեցել երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի՝ Եմեն վերադառնալու ֆոնին:
Այսօր Սալեհը պաշտոնապսես հանձնել է իշխանությունը իր փոխարինողին՝ Աբդուռաբա Մանսուր Հադիին: Իշխանության փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Սանայի նախագահական պալատում:
Աբդուռաբբա Մանսուր Հադին փետրվարի 21-ին կայացած ընտրություններում ստացել է ընտրողների ձայների 99.8%-ը:
Հադին կատարում է այսպես կոչված «տեխնիկական նախագահի» դեր: Երկու տարի հետո Եմենում կստեղծվի նոր քաղաքական համակարգ, և կմշակվի նոր սահմանդրություն: Այնուհետև տեղի կունենան նոր նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք. 2011 թ. նոյեմբերի 23-ին 33 տարի Եմենը ղեկավարած Ալի-Աբդալլահ Սալեհը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էռ-Ռիյադում ստորագրեց համաձայնություն, որով հրաժարվում էր իշխանությունից: Պայմանագիրը Սալեհին և նրա ընտանիքի անդամներին ապահովում էր անձեռնմխելիություն և իշխանությունը փոխանցում էր երկրի փոխնախագահ Հադիին:
Նշենք, որ Սալեհի հրաժարականին նախորդել է երկարատև ապստամբությունը:









































