Ինձ քաղաքականությունն ընդհանրապես չի հետաքրքրում, չունեմ ոչ մի սիրած քաղաքական գործիչ կամ ուժ, չեմ գնում նաև ընտրությունների: Չունեմ ոչ մի լիդեր: Ընտրությունների գնամ, ի՞նչ անեմ: Քանի տարի է` չեմ մասնակցում ընտրություններին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի կամերային թատրոնի և «32 ատամ» ակումբի դերասան Ռաֆայել Երանոսյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք կա՞ իր համար նախընտրելի քաղաքական ուժ, կուսակցություն կամ ունի՞ արդյոք սիրած քաղաքական գործիչ կամ նախագահի թեկնածու:
Դերասանը խոստովանեց, որ չի գնում ընտրությունների, չի քվեարկում այս կամ այն ուժի օգտին, որովհետև ցանկանում է, որ իր խիղճն իր առջև մաքուր լինի, որ հետո մեկին չընտրի ու չհիասթափվի` մտածելով, որ նա էլ վատը դուրս եկավ:
«Ավելի լավ է ոչ ոքի չընտրեմ: Հիմա ինչպես ասում են` եղունգ ունես գլուխդ քորի: Չգիտեմ նաև` ով է Ազգային ժողովի նախագահը: Գիտեմ միայն, որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է, վարչապետը`Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետը` Տարոն Մարգարյանը: Քաղաքական այլ կուսակցությունների կամ անձերի չգիտեմ»,- ասաց դերասանը` հավելելով, թե այնպես չի լինում, որ մեկը բոլորի համար լավ լինի, քանի որ բողոքողը բողոքելու է, չբողոքողը` չի բողոքելու:
«Ես ոչ բողոքում եմ, ոչ էլ սիրում: Ես իմ հացի փողն աշխատում եմ առանց նրանց` դերասանություն անելով»,- խոսքը եզրափակեց Ռ. Երանոսյանը:







































