Դոդո` արվեստագետ, ում ստեղծագործությունները լի են պոեզիայով և կախարդանքով: Կոբա` արվեստագետի ախոյանն ու նրա ստեղծագործությունների թշնամին:
Դոդո` ազատ է հանց թռչուն:
Կոբա` դեմ է թռչունների ազատությանը:
Առաջին մաս
Դոդոն ապրում է Թիֆլիսում` փայտյա պատշգամբներով մեծ տանը: Տունը փոքր-ինչ թեքվել է` հոգնած նավի նման: Դոդոն քայլում է նեղլիկ փայտյա պատշգամբներում` ինչպես նավաստին տախտակամածի վրա: Նրա ձեռքին կարող է գիշերային միզաման լինել, որի մեջ, սակայն, կենդանի ծաղիկներ են` ինչպես ծաղկամանում: Նա զվարթ զգեստներ է կրում:
Տանը հինավուրց բազկաթոռների վրա նստած են շքեղազգեստ տիկնիկները, իսկ բազկաթոռներից մեկի վրա կուտակված են տասնյակ մերկ տիկնիկներ: Բաց պահարանների փեղկերի վրա տեղադրված են անցյալ ժամանակների լայնեզր գլխարկներ, սեղանը լեցուն է սափորներով, խաղալիք գավերով, բաժակներով, պատերի վրա գորգեր են, բազմաթիվ լուսանկարներ և կոլաժներ: Առաստաղից կախված է ջահը` շրջված հովանոց, որից բյուրեղապակյա ականջօղեր են կախված, հովանոցը շրջանակված է արծաթափայլ փայլաթիթեղով: Դա էլ հենց Դոդոյի իսկական թագավորությունն է, որտեղ ծնվում են նրա` լույսով և մանկական շնչով լի հեքիաթները:
Հիմա Դոդոն հայելու վրա է փակցնում ճենապակյա ապակու կտորները` դրանցից հավաքելով մի հանելուկային ծաղիկ, իսկ Ջոկոնդայի վզին, որն ամսագրից է պոկված, իսկական մանյակ է կախում:
Այնուհետև Դոդոն պատշգամբ է դուրս գալիս: Դեպի քաղաքի կենտրոն տանող փողոցի ներքևում կանգնած մի ֆիգուր է նկատում: Մարդն ամբողջովին սևով է պատված, նրա գլխին սև թասակ է` վեր ձգած եզրերով: Դա Կոբան է, լրտես, ով մշտապես հետևում է Դոդոյին: Սև մարդու ներկայությունը զայրացնում է Դոդոյին: Նա պոկում է ընկուզենու թփերից. լավ է, որ նրանց դեռևս կարելի է ձեռքով հասնել. դեռ կանաչ պտուղներն ու դրանք ներքև է նետում` ջանալով դիպչել Կոբայի գլխի թասակին: Լրտեսն իսկույն հեռանում է:
Տեսարան երկրորդ
Բազմամարդ շուկա: Դոդոն այդ աշխարհի հենց սրտում է` խլացած իրերի առատությունից, որոնք ջանում են սիրահարեցնել իրենց: Նա հետաքրքրությամբ տնտղում է զինվորական ասպազենքը, որը, հնարավոր է, Էյզենշտեյնն օգտագործել է «Ալեքսանդր Նևսկի» ֆիլմում: Դոդոն դիպչում է սաղավարտին, բարձրացնում է երեսակալը և տեսնում, որ ասպետական սաղավարտի ներսում թաքնվել է իր թշնամի Կոբան, որն այնտեղից չարությամբ իրեն է նայում:
Տեսարան երրորդ
Անձրև է մաղում: Դոդոն հովանոցի տակ կանգնած է գլխարկի արհեստանոցի փեղկի առջև` հանրահայտ վրացական կեպիների: Ցուցափեղկում դրված են կեպիի և այլ գլխարկների համար նախատեսված փայտյա ֆորմաներ: Դոդոն մտնում է արհեստանոց ու գնում ոչ թե կեպի, այլ հենց այն առարկան, որով հիանում էր ցուցափեղկի առջև` գլխի ողորկ փայտյա ֆորմա:
Խանութից ելնում է` բռնած այդ ապրանքն ու հովանոցը ձեռքին գնում է փողոցով: Շրջվելիս նկատում է Կոբային, որը հեռավորության վրա հետևում է իրեն: Նա հովանոց չունի: Մի քիչ մտածելով` Դոդոն լրտեսին հրավիրում է իր հովանոցի տակ: Կոբան մինչև ուղնուծուծը թրջված է ու մեկեն համաձայնվում է: Որոշ ժամանակ նրանք լուռ գնում են հովանոցի ներքո, և միայն Դոդոյի գնած փայտյա գլուխն է բաժանում նրանց: Բայց հենց այդ գլուխն էլ ոստիկանի մեջ կասկած է ծնում: Նրա հիվանդ երևակայությունը տեսնում է փայտյա ֆորմայի մեջ Բռնակալի գլուխը, որը Դոդոն ջանում է թևի տակ տանելով «խեղդել»: Կոբան հանկարծ կանգ է առնում և աշխատում է Դոդոյի ձեռքերից խլել փայտյա քանդակը: Հովանոցն ընկնում է մայթի վրա, երկուսը գոտեմարտում են անձրևի տակ, լրտեսը Դոդոյի ձեռքերից ճանկելով «փրկում է գլուխը» ու փախչում:
Տեսարան չորրորդ
Դոդոն արագ քայլում է Թիֆլիսի կենտրոն տանող փողոցով: Կանգնում է այնտեղ, որտեղ երկու բանվոր ասֆալտի լուծույթ են պատրաստում` հին աղյուսներով պատված փողոցը ծածկելու համար: Քարերը ջրի պես թափանցիկ են թվում, մոխրա-կապտավուն, ասես այդ գույնը հենց նրանց խորքից է գալիս: Դոդոն գալիս է, մայթի առաջ ծնկի է գալիս, ձեռքերով շոյում է քարերն ու նրանց վրա գրված թուղթ է դնում: Երբ նա վերջապես ելնում ու դանդաղ ետ է գնում, նրան հետևող Կոբան բարձրացնում է դրված գրությունն ու կարդում` «Մարդկային տխմարությունը կթաղի ձեզ ասֆալտի տակ, բայց ես ձեզ, թանկագին քարեր, երկար կպահեմ հիշողությանս մեջ»:
Լրտեսը կտոր-կտոր է անում թղթիկն ու նետում աղյուսների վրա, որոնք ծածկվում է սև ասֆալտով:
Տեսարան հինգերորդ
Դոդոն իր տանն է: Սենյակը դուրս է գալիս դեպ երկար պատշգամբը: Նա աշխատում է նոր կոլաժի վրա: Հայելու վրա է փակցնում հին տիկնիկների կոտրտված մասերը` ձեռքի մնացած կտորը, ոտքը, պոկված գլուխը: Բայց ահա մի քանի ոստիկաններով ներս է սուրում Կոբան, և սկսում են պարկերի մեջ լցնել բոլոր նստած ու մերկ տիկնիկներին, մեղադրելով Դոդոյին պոռնոգրաֆիայի մեջ: Արվեստագետին տանում են` նստեցնելով ճաղապատ մեքենան: Մոտենալով վիթխարի, ժանգոտ շղթաներով դարպասներին, որոնց վրա մակագրված է «Բանտ»` Դոդոյին հրում են այնտեղ:
Երկրորդ մաս
Տեսարան առաջին
Տեսնում ենք նույն դարպասներն ու բանտի շինությունը: Վերին պատուհանից միմյանց հանգուցած սավաններով իջնում է ինչ-որ մեկը: Դա Դոդոն է: Դեպի կայարան տանող չսալարկված ճանապարհով վազում է: Փոքրիկ կայարանի գծերից մեկում կանգնած է ապրանքատար գնացքը: Դոդոն խցկվում է վագոն, ու գնացքը շարժվում է: Դոդոն հանգստանում է ու պատուհանից նայում իր առջև լողացող պատկերներին: Վագոնը լիքն է. գյուղացիները վիթխարի զամբյուղներով հավեր են տանում: Շատերն իրենց զամբյուղները դրել են ծնկներին: Երբ մտնում է վերահսկիչը, Դոդոն խոստովանում է, որ աճապարելիս չի հասցրել տոմս գնել: Վերահսկիչը հանում է ձեռնաշղթաները: Վերահսկիչը հենց Կոբան է: Դոդոն վեր է թռչում և աղմուկ է բարձրացնում, որ վախեցնում է բոլոր հավերին, որոնք սկսում են թպրտալ` ողջ վագոնը փետուրներով լցնելով: Կոբան ոչինչ չի տեսնում: Դոդոն բացում է վագոնի դուռը, սպասում է, որ գնացքը փոքր-ինչ դանդաղեցնի և Կոբայի հուսահատ հայացքի ներքո դուրս է ցատկում:
Տեսարան երկրորդ
Դոդոն այժմ դաշտում է: Ծնկաչոք կեցած` նա ձեռքերով շոյում է խոտն ու հոտոտում ծաղիկները: Ոտքի ելնում ու առաջ է գնում: Ոտքերի տակի խոտը փոխակերպվում է չոր թփերի, որոնց վրա բզզում են կրետները: Առջևում տեսնում է կիսաքանդ մի եկեղեցի, որի պատերը բազում մոմերի հրից սևացել են: Դրանք դնում են հենց դրսի պատերին` Սուրբ Գևորգի օրը: Մտնում է դատարկ, լքված եկեղեցին: Պատերին դեռևս նշմարելի են անհետացող որմնանկարները: Դոդոն ուշադիր զննում է դրանք: Հետո պառկում է քարե նստարանի վրա և ըմբոշխնում է պատերից բխող տամուկ զովությունը և ժամանակավոր անդորրը: Համարյա թե միանգամից նրան պարուրում է երազը` պերսոնաժները, որոնց նա զննում էր որմնանկարներում, պատերից իջնում և շրջապատում են իրեն: Այդ հանդիպումը հիասքանչ գույների և լույսի հետ եկեղեցու խավարում նրան հիացմունքով է լցնում: Այնժամ, երբ նա այդ ամենն անրջում է, եկեղեցին լցվում է ոչխարներով, որոնց բերում են հովիվները` զովության մեջ հանգստանալու: Երբ Դոդոն արթնանում է, նա տեսնում է ոչխարի հոտը և լսում հովիվների երգը: Իր համար դա ընծա է: Սրբության և ճշմարիտ գեղեցկության բարձրագույն պահը: Սակայն ոչխարի հոտի հենց կենտրոնում նա ինչ-որ տարօրինակ բան է նշմարում` դա Կոբան է, որը թաքնվել է այնտեղ: Բարեբախտաբար, ոչխարներն իրենց մեջքերով հրում են օտար մարմինը ու քշում այն եկեղեցուց դուրս: Դոդոն լքում է իր ժամանակավոր կացարանը և այլ կողմ է շարժվում:
Տեսարան երրորդ
Դոդոն գնում է գետաբերանի քարե ափով: Երբեմն վախեցած շրջվում ու նայում է, թե արդյոք լրտեսն իրեն կրնկակոխ չի հետևում: Բայց հետզհետե մոռանում է այդ մասին և զմայլված նայում է ոտքի տակի քարերին: Նրանք, որոնք հատկապես դուր են գալի` լվանում է գետում, որպեսզի լավ տեսնի նրանց գույնը, ու գրպաններն է լցնում: Հենց այն պահին, երբ նա ջրում լվանում է երկնագույն քարը, տեսնում է, որ ջրում, դրա կողքին արտացոլվում է Կոբայի դեմքը: Վախեցած մի կողմ է թռչում ու փախչում` պաշտպանվելով լրտեսից հավաքած քարերով: Նրան հաջողվում է մագլցել ծառն ու թաքնվել թփերի արանքում: Իր թաքստոցից նա զննում է Կոբային, որը ծառի տակ հետ ու առաջ է անում` չնկատելով նրան, և այնուհետև հեռանում է: Լրտեսի քայլերը հեռվում խլանում են:
Դոդոն դեռ երկար թաքնվում է ծառի վրա, հետո իջնում և երկար շրջում է անտառում մինչև որ դուրս է գալիս մի բաց տարածություն, որտեղ լայն ճանապարհ է: Այնտեղ սահմանագծին մի վիթխարի հուշարձան է հառնում` «Մուրճ և մանգաղը»: Այդ վիթխարի կառուցվածքը, 10 մետրից ոչ պակաս, հենված է երկաթյա պատվանդանին, որտեղ հավանաբար պահատնակ է եղել: Դոդոն մոտենում է հուշարձանին և պահատնակի բաց դռնից տեսնում է, որ ներսում խոտի վրա քնած է այծը: Նա պառկում է նրա կողքին և տեսնում, որ նրա կուրծը կաթով լի է: Դոդոն հագեցնում է քաղցն ու ծարավը:
Տեսարան չորրորդ
«Մուրճ և մանգաղի» շուրջ հավաքվում են երկնագույն ու սպիտակ պաստառներով մարդիկ: Դոդոն իր երկաթյա թաքստոցի անցքից զննում է այդ ցույցը: Ինչ-որ մեկը հուսահատ բռունցքներով խփում է դռանը: Դոդոն բացում է դուռն ու տեսնում Կոբային, որն աղաչում է արվեստագետին փրկել իրեն ամբոխից: Դոդոն իր հին հագուստը տալիս է լրտեսին, որը միանգամից փոխվում ու դուրս է գալիս, որպեսզի անճանաչ սփռվի մարդկային ցասումից: Դոդոն մնում է բծավոր ննջազգեստով:
Շուրջբոլորն սկսում է երերալ ու կործանվել` դա ամբոխն է ջարդուփշուր անում «Մուրճ և մանգաղը»: Երկաթի կտորները սպառնում են ճզմել Դոդոյին: Նա ծնկի է գալիս և աղոթում է: Այծը նրա կողքին է:
Տեսարան հինգերորդ
Ամբոխը պահանջում է Կոբային` «Կոբա, մարդասպան, դուրս արի…»: Մոտեցող տրակտորներն ահա-ահա կկործանեն երկաթյա հուշարձանը: Մանգաղը զատվում է մուրճից և ընկնում ահից ընկրկած ամբոխի վրա:
Մանգաղի անցքից առաջացած բացվածքից հայտնվում է Դոդոն, նրա գրկին այծն է: Նա գոչում է` «Ես ձեզ հետ եմ»:
Ամբոխի ճիչը դադարում է: Մարդիկ զարմացած հարցնում են` «Իսկ ու՞ր է Կոբան»: «Նա այստեղ չէ», – պատասխանում է Դոդոն:
Նա հպարտ դուրս է գալիս իր կացարանից և այծը գրկին գնում է մարդկանց միջով: Մինչև որ ամբոխից ինչ-որ մեկն ասում է` «Իսկ այծը թող: Այստեղ մարդիկ ուտել են ուզում»: Այդժամ Դոդոն սկսում է փախչել: Շատերը նրա հետևից են վազում: Նա այծին բաց է թողնում, որն իր առջևից է վազում: Վերջապես նրան հանգիստ են թողնում, թեպետ ինչ-որ մեկը նրանց հետևից գոռում է` «Դու դրա համար դեռ պատասխան կտաս»: Դոդոն գրկում է այծին, և երկուսն էլ երջանիկ հեռանում են, չնայած իրենց գլխին կախված սպառնալիքին:
Թարգմանությունը` Վարդան Ֆերեշեթյանի











































