Մի քանի շաբաթ առաջ, երբ Հայաստանում երգիչներին դեռ չէր հասել ազգային և պետական արժանապատվության շունչը, որով վարակված նրանք կտրուկ հրաժարվեցին մասնակցել «Եվրատեսիլ-2012»-ին, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, թե ճիշտ կլինի, որ Հայաստանը մասնակցի «Եվրատեսիլին», քանի որ դա օգուտ կբերի մեր երկրին: Փաստորեն, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այժմ պետք է հանդես գա երգիչներին ուղղված պատասխանով, քանի որ նրանք հրաժարվում են մեկնել Բաքու, ուրեմն հրաժարվում են կատարել մի քայլ, որն, ըստ Հասմիկ Պողոսյանի, պետք է օգուտ բերեր Հայաստանին: Այսինքն` մշակույթի նախարար Պողոսյանն այժմ պետք է որ բացատրի երգիչներին ու հասարակությանը, թե որն էր Հայաստանի օգուտն ու ինչից են երկիրը զրկում երգիչները:
Ի տարբերություն Հասմիկ Պողոսյանի, կան մարդիկ, որոնք կարծելով, որ գնալը Հայաստանին իսկապես օգուտ է, նաև փորձում են հիմնավորել, թե որն է օգուտը: Ըստ այդ հիմնավորումների` օգուտն այն է, որ համաշխարհային ուշադրության կենտրոնում կհայտնվի Հայաստանի մասնակիցը, եթե հայտարարի, թե չնայած Ադրբեջանի հետ հակամարտությանը, չնայած պատերազմին և զոհերին, չնայած այնտեղ իրեն սպասող ատելությանը, ինքը կգնա ու կերգի Բաքվի բեմում: Ինչպես ասում են` հիանալի հիմնավորում է: Այ, եթե այդ հիմնավորողները հնարավորություն ունենային նաև կազմակերպել «Եվրատեսիլի» այդ ցնցող մասնակցության փոքրիկ էքսկուրսային ծրագիր դեպի Բաքվի կամ Ադրբեջանի այլ բնակավայրերի բանտեր, դեպի, օրինակ, Գոբուստան, որտեղ մինչ օրս պահվում են հայ ռազմագերիներ ու պատանդներ, ու եթե կարողանային մի թեթև ելույթ ապահովել նաև այնտեղ ամեն օր խոշտանգվող հայերի համար, ապա Հայաստանի մասնակցությունն իսկապես ցնցող կլիներ: Այնպես որ, նրանց հիմնավորումները երկաթյա են, ու կդառնան ոսկյա, եթե հաջողվի Բաքվի իշխանությունից ստանալ այնտեղ պահվող և խոշտանգվող հայ ռազմագերիների մոտ էլ երգելու թույլտվություն, կամ որ Բաքուն համաձայնություն տա «Եվրատեսիլի» գոնե հայկական կատարման ժամանակ, այսպես ասած, խոշտանգումների մորատորիա հայտարարել իր մոտ պահվող հայ ռազմագերիների ու պատանդների հանդեպ:
Հայաստանի օգուտի մասին խոսողներն ու այդ օգուտի հիմնավորումներ որոնողները նաև խոսում են այն մասին, թե չմասնակցելով Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության և Ադրբեջանի «բերանն է բացելու» իզուր տեղը: Իսկ ում է հետաքրքիր, թե ԵՀՄ ու Ադրբեջանի ինչերը կբացվեն Հայաստանի մասնակցելով կամ չմասնակցելով: Ում է հետաքրքիր, թե ինչ են մտածելու ԵՀՄ-ն ու Ադրբեջանը, այն դեպքում, երբ մեզ հայտնի չէ, թե հիմա, կոնկրետ այս պահին, կոնկրետ «Եվրատեսիլի» քեֆի պահին ինչ են մտածում հայ ռազմագերիներին խոշտանգող բանտապանները, հայ զինվորներին նշանառության տակ վերցնող դիպուկահարները, և ամենակարևորը՝ իսկ ինչ են մտածում հենց այն հայերը, որոնք ներկայումս Բաքվում են և թերևս կորցրել են գերությունից տուն վերադառնալու վերջին հույսը: Եվ այդ բաց վերքն ունեցող հասարակության մեջ դեռ կարող են լինել քննարկումներ ու պնդումներ, թե ավելի լավ է գնալ, որ հանկարծ մեզ չմեղադրեն նեղացկոտության կամ չգիտես ինչի համար: Լավ, իսկ մեզ ինչի համար կարող են մեղադրել հայ գերիներն ու նրանց հարազատները, երբ գնանք ու մասնակցենք Բաքվի քեֆին:
Եվ երկրորդ` Հայաստանն առաջին երկիրը չէ, որ հրաժարվելու է «Եվրատեսիլին» մասնակցելուց: Պարբերաբար ինչ-որ երկրներ ինչ-որ պատճառներով հրաժարվում են այդ մասնակցությունից` երկար ժամանակով կամ մեկանգամյա հրաժարումով: Կարծես թե այդ երկրները չեն կործանվում և դրանց միջազգային վարկն էլ չի տուժում եվրոպական քեֆին չմասնակցելուց, որովհետև, ի վերջո, աշխարհում պետությունների և հասարակությունները վարկը ձևավորող բոլորովին այլ՝ լուրջ կոմպոնենտներ կան, որոնց հասցեն էլ ամենևին Եվրոպական հեռարձակողների միությունը չէ, այլ շատ ավելի լուրջ կառույցներ և սուբյեկտներ: Այնպես որ, ավելի լավ է մտածել դրա մասին, ոչ թե անհանգստանալ, որ «Եվրատեսիլին» չգնալով՝ Ադրբեջանի բերանը լեզու ենք դնում: Ինչ-ինչ, բայց Ադրբեջանի բերանի հարցը Հայաստանը վաղուց է լուծել, ու կարծես թե բավական հիմնավոր, և որևէ մեկն այդ հիմքը կասկածի տակ չի առնի աշխարհում, եթե Հայաստանն առաջինը չսկսի կասկածել իր լուծմանը: Մինչդեռ խնդիրն այն է, որ երբ Հայաստանում ինտենսիվորեն որոնվում է Բաքու գնալու «տասը պատճառ», վաղը գուցե արդեն որոնվեն մի հատ էլ Բաքվից ներողություն խնդրելու պատճառներ: Այսօր այդ հեռանկարը գուցե շատ հեռու է թվում, սակայն դատելով Հայաստանում, այսպես ասած, «խաղաղապաշտության» կամ «յոթերորդ օրվա խաղաղասերների» համոզված դրսևորումներից, հեռուն կարող է մոտիկ դառնալ նախատեսվածից արագ ժամանակահատվածում:
Ի վերջո, Լևոն Արոնյանը հրաժարվեց մասնակցել Բաքվում տեղի ունենալիք հավակնորդների մրցաշարին: Զարմանալի է, որ ոչ ոքի մտքով չանցավ Հայաստանից նրան մեղադրել Ադրբեջանի «բերանը լեզու դնելու» համար: Իսկ ՖԻԴԵ-ն ընդառաջեց Արոնյանին, որովհետև Արոնյանն արել էր այն, ինչ իրեն է պետք, ու նաև համարել էր, որ իրեն պետք չէ աշխարհում խաղաղության աղավնի ձևանալ, այլ պետք է ներկայանալ սուբյեկտ, ում համար գլխավորը սեփական շահը ձևակերպելն ու այն աշխարհին ներկայացնելն է:
Համաշխարհային զարգացման ընթացքում ընդհանրապես հաջողություն են ունենում միայն այն անհատները, պետություններն ու ազգերը, որոնք կարողանում են ձևակերպել իրենց շահն ու համարձակվում են այն ներկայացնել աշխարհին: Իսկ նրանք, ովքեր համարում են, թե փոքր ազգերի իմաստնության գաղտնիքը միայն աշխարհի շահերի մեջ տեղավորվելն ու հոսանքի ուղղությամբ լողալն է, ի վերջո կանգնում են կոտրած տաշտակի առաջ, որովհետև բացի շարունակաբար հանձնելուց, նրանք չունեն գոյության այլ բանաձև: Իսկ շարունակաբար հանձնելը հանգեցնում է նրան, որ այդ գոյությունն արդեն աշխահի համար էլ դառնում է ավելորդ, անհետաքրքիր: Ու արդյունքում, պետությունն ու դրա ապագան ոչ թե ինչ-որ մեկին են հանձնվում, երբ հնարավոր է դեռ դրա դիմաց ինչ-որ բան ակնկալել կամ ստանալ, այլ հանձնվում են բախտի քմահաճույքին:











































